Հայաստանի Հանրապետության զինդատախազ, գլխավոր դատախազի թեկնածու Գևորգ Կոստանյանը սեպտեմբերի 27-ին ԱԺ խմբակցությունների հետ հանդիպումների շրջանակում քննարկումներ ունեցավ նաև ՀԱԿ խմբակցության պատգամավորների հետ: Խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, որ թեկնածուն իրենց ներկայացրեց իր կենսագրությունը, մոտեցումները, գործունեության սկզբունքները, խմբակցության պատգամավորներն էլ բարձրացրին այն հարցերը, որոնք հուզում են բոլոր քաղաքացիներին՝ օրինականության, կոռուպցիայի, մարտի 1-ի սպանությունների չբացահայտված լինելու մասին:
Զուրաբյանի խոսքով՝ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը ոչ միայն չի բացահայտել դրանք, այլև պարտակել է հանցագործությունները, ավելին՝ փաստահավաք խմբի կողմից առկա են փաստեր, որ քննիչների կողմից ապացույցներ են ոչնչացվել: «Մենք նշեցինք, որ պետականության կայացման համար սա ամենակարևոր գործերից մեկն է, այն անհանդուրժելի է: Մարտի 1-ից հետո ամիսներ շարունակ եղել են դատավարություններ, որոնք կրել են քաղաքական հետապնդման բնույթ, բազմաթիվ դատախազների, քննիչների, դատավորների կողմից ակնհայտ անարդար դատավճիռներ են կայացվել»,- ասաց Զուրաբյանը՝ իբրև օրինակ նշելով Տիգրան Առաքելյանի նկատմամբ դատավարությունը:
Անդրադարձ է եղել նաև ՍԴՀԿ-ի դեմ կատարված ոտնձգությանը, կալանքը որպես խափանման միջոց կիրառելուն, որի տեսակարար կշիռն 90 տոկոսից բարձր է, ինչը, ըստ Զուրաբյանի, խայտառակ ցուցանիշ է: Հարցին՝ արդյոք կապ տեսնո՞ւմ է Սյունիքի նախկին մարզպետի որդուն քրեական պատասխանատվությունից ազատելու մեջ, ՀԱԿ խմբակցության ղեկավարը պատասխանեց, որ չի ցանկանում ինչ-որ ենթադրություններով առաջնորդվել: «Եթե դուք տեսնում եք կապ, ասեք. մեզ համար անընդունելի է այն հանգամանքը, որ մարդիկ, ովքեր մարդ են սպանել, այսօր կարող են գտնվել ազատության մեջ, մինչդեռ Տիգրան Առաքելյանը այսօր նստած է բանտում, և մենք այդ մասին արտահայտվել ենք»,- ասաց նա: Սուրիկ Խաչատրյանի որդու վերաբերյալ քննարկման ժամանակ չեն խոսել, քանի որ, ըստ Զուրաբյանի, կային շատ առաջնային հարցեր, որոնք ավելի կարևոր են: Խմբակցության ղեկավարի խոսքով՝ իբրև գրագետ իրավաբան՝ Կոստանյանն ընդամենը ասել է, որ այս բոլոր հարցերը պետք է ուսումնասիրվեն, ինքն այս խնդիրներին ծանոթ է միայն լրատվամիջոցների հրապարակումներից, սակայն չի կարող իր քայլերում հիմնվել հրապարակումների վրա։
ՀԱԿ խմբակցությունը դեռևս հստակ դիրքորոշում չունի, իրենք սպասում են քվեարկության օրվան: «Պետք է տեսնենք՝ ինչպիսին կլինի քվեարկությունը, չնայած չենք էլ կասկածում, որ հարցը վճռված է, որովհետև մենք չենք ապրում դեմոկրատական երկրում: Հարցը վճռված է, Կոստանյանը կլինի գլխավոր դատախազ, սակայն տվյալ պահին մենք պետք է ելնենք անմեղության կանխավարկածից, այսինքն՝ ինչ-որ ժամանակ պետք է հետևենք նորանշանակ գլխավոր դատախազի գործունեությանը: Հարցերը բարձրացված են, ինքը պատրաստակամություն է հայտնել բոլոր այս գործերով զբաղվելու»,- ասաց նա։
Ու թեև Զուրաբյանը կարծում է, որ Կոստանյանը բոլոր առումներով ու որակներով ավելի ընդունելի մարդ է, քան Աղվան Հովսեփյանը, սակայն դա էական չէ, Կոստանյանը ևս կարող է դառնալ համակարգի գործիքը: Նման դեպքում խմբակցության կողմից նոր դատախազը կարժանանա ամենախիստ քննադատության, սակայն նաև աջակցություն կստանա, եթե տեսնեն բոլոր խնդիրների շուրջ ընկալունակություն: Զուրաբյանն ամփոփեց՝ զուտ ընկալունակության առումով Կոստանյանի մոտեցումներն ընդունելի են, բայց դա ոչ մի նշանակություն չունի:







































