Լիոնի նոր քաղաքապետ ընտրված բժիշկ Գեորգ (Ժորժ) Քեփենեկյանը 1990-ական թվականներին, ամենածանր տարիներին մի քանի անգամ այցելել է Հայաստան եւ Արցախ եւ դժվարին վիրահատություններով կյանքեր է փրկել: Այս մասին ԱՄՆ-ում լույս տեսնող «Ասպարեզ» թերթում գրել է թերթի խմբագիր Աբո Պողիկյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Հպարտության զգացումով լսեցի Գեորգին՝ կես միլիոնից ավելի բնակիչ ունեցող Լիոնի Գործադիր իշխանության ղեկավար ընտրվելուն մասին: Իր հետ ծանոթացել եմ Դաշնակցության շարքերում, եւ իր հայրենասիրությունը ներշնչման աղբյուր կարող է լինել շատերի համար:
Թեև որևէ քաղաքի պետ չի ընտրվել, բայց այս առթիվ ուզում եմ հպարտանալ նաեւ դաշնակցական մեկ այլ ընկերոջ՝ բժիշկ Կարո Դերձակյանի՝ Հայաստանում իրագործած աշխատանքներով: Նա էլ նույն մասնագիտությունն ունի եւ անկախության առաջին տարիներից ի վեր մինչեւ այսօր, հետեւողականորեն շարունակում է իր ծառայությունը՝ հայրենիքում առողջապահության ոլորտի զարգացման ուղղությամբ:
Ինչպե՞ս չհպարտանամ իմ դաշնակցական մեկ այլ բժիշկ ընկերոջով՝ դոկտոր Հրայր Հովակիմյանով, ով Հայաստանում երեխաների սրտի արատը բուժող վիրահատություններ է անում, միաժամանակ մարզելով երիտասարդ բժիշկների ամբողջ մի սերունդ՝ այդ եւ ընդհանրապես սրտի վիրահատության ոլորտը հասցնելով միջազգային ակնառու մակարդակի»:




































