ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հանդիպել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) ներկայացուցիչների հետ՝ ԱԶԲ-ի «Հյուսիս-հարավ» ծրագրի Տրանսպորտային ծրագրերի ղեկավար Պրիանկա Սենեվիրանտեի գլխավորությամբ։
Հանդիպման ընթացքում ԱԶԲ-ի ներկայացուցիչները Գագիկ Բեգլարյանին ներկայացրել են «Հյուսիս-հարավ Ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրի ներկայիս ընթացքի վերաբերյալ միջազգային աուդիտորի կողմից կատարված նախնական ուսումնասիրության արդյունքները, հիմնական խնդիրներն ու դրանց հետ կապված մտահոգությունները:
Մասնավորապես, միջազգային աուդիտոր Սեմ Գուպտան նշել է, որ հիմնական խնդիրները կապված են աշխատանքների ավարտման ժամկետի և բետոնի որակի հետ:
Նրա խոսքով՝ որոշ մտահոգություններ կան բետոնի խառնուրդում խոնավության քանակի հետ, ինչը կրկին պետք է ուսումնասիրվի:
Գագիկ Բեգլարյանը շնորհակալություն է հայտնել իրականացված աշխատանքների համար՝ նշելով, որ դրանք գրեթեհամապատասխանում են նախարարության կողմից կատարված ուսումնասիրության արդյունքներին:
Պրիանկա Սենեվիրանտեն տեղեկացրել է, որ ծրագրի հարավային մասի` Արտաշատ-Քաջարան հատվածի տեխնիկատնտեսական ուսումնասիրության, նախնական նախագծման և մոտ 60 կմ հատվածի մանրամասն նախագծման, ինչպես նաև Տրանշ 3-իշրջանակներում ԱԶԲ-ի ֆինանսավորմամբ իրականացվելիք աշխատանքների տեխնիկական հսկողության խորհրդատվական ծառայությունների ընտրության մեխանիզմները հավանություն են ստացել ԱԶԲ-ի կողմից:
Կառավարման խորհրդին ներկայացնելուց հետո հոկտեմբերի սկզբին կհայտարարվի միջազգային մրցույթ:
Գագիկ Բեգլարյանը նկատել է, որ ԱԶԲ ի հետ երկար ժամանակ քննարկվող խնդիրների մեծ մասն արդեն լուծվում են:
Հանդիպման ընթացքում Պրիանկա Սենեվիրանտեն խնդրել է նախարարության աջակցությունը՝ կապված հողերի օտարման գործընթացի արագացման հետ, նշել, որ այդ խնդիրը խոչընդոտներ է առաջացնում Երրորդ տրանշի շինարարության մեկնարկի համար
Նախարարն ընդգծել է, որ հողերի օտարման գործընթացում կան դժվարություններ, քանի որ գործ ունեն բնակիչների հետ, սակայն վստահեցրել է, որ նախարարությունն ամեն ինչ կանի այն արագացնելու համար:
Հանդիպման ավարտին Պրիանկա Սենեվիրանտեն տեղեկացրել է, որ առաջիկա օրերին ուսումնասիրություններ են կատարվելու բետոնի պատրաստման համար օգտագործվող հումքի քարհանքերում և այն գործարաններում, որտեղ պատրաստվում է բետոնը:








































