ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ իրեն շատ կոշտ է դրսևորել։ Այս մասին նա ասել է Reuters-ի հետ հարցազրույցում։
«Ես Պուտինի հետ շատ կոշտ եմ եղել»,-ասել է Թրամփը՝ հավելելով, որ Պուտինի հետ ինքը շատ կարևոր հարաբերություններ ունի, որոնք կարող են բազմաթիվ կյանքեր փրկել, ինչպես, օրինակ, Սիրիայում հրադադարի ռեժիմի ուժի մեջ մտնելուց հետո։
Նա նշել է, որ վերջին շրջանում ընդունել է մի քանի որոշումներ, որոնք կարող են Ռուսաստանին դուր չգալ։ Խոսքը հեղուկացված բնական գազի խոշոր մատակարարումներն են Լեհաստան և զինվորականներին հավելյալ 56 մլրդ դոլար տրամադրելը։
Երկու երկրների առաջնորդների բանակցություններն անցկացվել են հուլիսի 7-ին՝ G20 գագաթնաժողովի առաջին օրը։
Թրամփը հարցազրույցի ժամանակ նշել է, որ Պուտինի հետ 20-25 րոպե քննարկել է ամերիկյան ընտրություններին ռուսական միջամտության թեման։ Թրամփի հարցին, թե «դա դու՞ք եք արել», Պուտինը պատասխանել է. «Միանգամայն ոչ»։ Թրամփն այլ ձևակերպմամբ կրկնել է հարցը ու նույն պաստախանը ստացել։







































