ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը հրապարակել է Հայաստանի խորհրդարանի ընտրության վերաբերյալ իր վերջնական եզրակացությունը, որը, ի տարբերություն ընտրությունից հետո հրապարակված նախնական եզրակացության, նկատելիորեն կոշտ է ընտրության արժանահավատության հետ կապված խնդիրների շեշտադրման մասով՝ ընտրակաշառք, վարչական ռեսուրս, ընտրողների ահաբեկության փորձեր և այլն:

Ըստ էության, ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը դեղին քարտ է ցույց տալիս Հայաստանին՝ այն բանից հետո, երբ նախնական եզրակացությամբ ընդամենը եղավ նախազգուշացում: Նախնական եզրակացությունից հետո Հայաստանի իշխանությունը ոչ միայն չզգաստացավ, այլև այդ եզրակացությունն ըստ էության դրոշակ դարձրեց իր ձեռքը՝ առաջընթացի մասին դիտարկումներով, և այդ դրոշակը սկսեց «խոթել» հանրության և քաղաքական ուժերի աչքը՝ պոչով:
Երկու ամիս անց հնչեց ահազանգը՝ Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկու հայտնի հայտարարության տեսքով, որը առաջացրեց իշխանության բուռն արձագանքը և իրավիճակը գրեթե բերեց Հայաստան-ԵՄ սկանդալի շեմին: Պաշտոնական Երևանն ըստ ամենայնի խոհեմ գտնվեց այն չշարունակելու համար, կամ Եվրամիությունը Սերժ Սարգսյանին Բրյուսել կատարած աշխատանքային այցի ընթացքում բավական մատչելի ներկայացրեց այն հետևանքը, որ կարող է ունենալ Հայաստանի իշխանության սկանդալային պահվածքի շարունակությունը:
Բայց քանի որ Հայաստանի իշխանությունը նախազգուշացումների կամ դիտողությունների մեսիջների հանդեպ ցուցաբերում է կատարյալ անտարբերություն, ինչպես ապրիլի 2-ից հետո, Արևմուտքն ըստ ամենայնի որոշեց ցույց տալ նաև դեղին քարտը՝ չնայած սկանդալը չշարունակվեց: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ եզրակացությունն այդ քարտն է, և եթե Հայաստանը ստանա երկրորդը, ապա դա արդեն կնշանակի կարմիր:

Հայաստանում իշխանությունն ու քաղաքական ուժերը սովորաբար, այսպես ասած, մտահոգվում են Ռուսաստանի կարմիր քարտերից, տվյալ դեպքում իշխանությունը, սակայն, թերևս լավ է պատկերացնում, թե ինչ հետևանք կարող է ունենալ Արևմուտքի կարմիր քարտը:
Դա պատկերացնելու համար բավական է պարզապես կարդալ Բաքվին ռուսական սպառազինության մատակարարման մասին հաղորդագրությունները: Այդ սպառազինությունը հավասարակշռվում է իրականում ոչ թե Հայաստանին մատակարարվող զենքով, որն անհամեմատ ավելի քիչ է, քան Ադրբեջանին վաճառվողը, այլ Արևմուտքի քաղաքական կշռով: Այդ մասին չափազանց հստակ հայտարարեց Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը՝ նշելով, որ ԵՄ-ի հետ համաձայնագիրը կարևոր է տարածաշրջանում հավասարակշռությունը պահպանելու տեսանկյունից, ինչը նշանակում է պահպանել կայունությունն ու թեկուզ հարաբերական խաղաղությունը:
Հայաստանի ընտրության վերաբերյալ Արևմուտքի արձագանքը ամենևին անսպասելի չէ՝ թե՛ նախնական, թե՛ վերջնական տեսքով: Նախնական տեսքի պարագայում ամենևին խնդիրն այն չէր, որ դիտորդները չէին պատկերացնում, թե ինչպիսին էր իրականում եղել ընտրական գործընթացը: Պարզապես նրանք առաջնորդվեցին սպասումների տեսությամբ՝ այն իմաստով, որ իշխանությունից ակնկալում էին ընդհանուր առմամբ դրական արձագանքի դիմաց բարեփոխումների էլ ավելի մեծ դինամիկա, որը հենված կլիներ հետընտրական ցնցումների բացակայության վրա: Բայց իշխանությունն այդ հանգամանքը օգտագործեց ոչ թե բարեփոխումների դինամիկայի, այլ հակառակը՝ ձևականությունների, դատարակ քարոզչության և թատրոնի դինամիկայի համար:
Հետընտրական հենքը Հայաստանի իշխանության համար ոչ թե մեկնակետ էր դեպի քայլ առաջ՝ արդեն համակարգային իմաստով, այլ քայլ առաջ էր դեպի համակարգի բյուրեղացում, դեպի ցինիզմի ու երեսպաշտության աճ՝ թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական բարեփոխումների գործնականում զրոյական արդյունքով:
Իշխանության համակարգի համար հետընտրական ցնցումների բացակայությունը, արևմտյան դիտորդական դրական եզրակացությունների առկայությունը ոչ թե հնարավորություն էին Հայաստանի պետական խնդիրների լուծման գործում ավելի վստահ քայլերի՝ ինքնիշխան քայլերի համար՝ թե՛ ներքին, թե՛ արտաքին տնտեսաքաղաքական հարցերում, այլ միջոց էին առավել ինքնավստահ կերպով ներիշխանական «ռազբորկաների» և իշխանական կարկանդակի վերաբաշխման գործին լծվելուն:

Իշխանությունն այնքան տարված էր դրանով, որ չնկատեց անգամ ներդրումային այն՝ առաջին հերթին քաղաքական առաջարկները, որ աննախադեպ հստակությամբ ու ինտենսիվությամբ մատուցեցին Հայաստանում ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի, ԵՄ-ի դեսպանները: Իշխանությունը, սակայն, շարունակեց անվրդով խաղալ խաղի սեփական կանոններով, որին հետևեց դեղին քարտը:







































