11-ամյա գլենդելաբնակ Բրայան Ֆրունզյանի ընտանիքը վերադարձել է Լոս Անջելեսի Մանկական հիվանդանոց՝ սրտաբանի ու բուժանձնակազմի հետ նշելու երեխայի ապաքինումը: Տղան սրտի հազվադեպ վիրահատության էր ենթարկվել մայիսին: Այս մասին հայտնում է Glendale News-Press-ը:
Երեխան ծնվել էր սրտի աջ կողմում երկու արատավոր փականներով: Դա օրգանիզմում բացասաբար է ազդում արյանը թթվածին մատակարարելիս: Երեք շաբաթականից նա վիրահատությունների է ենթարկվել: Երեխան շուտ է հոգնել և հասակակիցներին զիջել է իր էներգիայով: Սակայն հիմա Բրայանի մոտ ամեն ինչ կարգին է, նա կարատե է պարապում:
Վիրահատությունն իր տեսակի մեջ առաջինն էր մանկական հիվանդանոցում: Վիրահատությունը փակ է եղել, կատարվել է նորարական մեթոդով:
Փականները, որոնք պատրաստված են եղել կովի երակներից, սիրտ են հասցվել 4 ժամվա ընթացքում՝ ոտքի զարկերակի միջոցով: Հաջորդ առավոտ, շնորհիվ վիրաբույժ Շերիլ Տակաոյի, նա արդեն կարողացել է քայլել հիվանդանոցում:
Երկուշաբթի Բրայանի հայրը՝ Սերոժ Ավոյանը հիվանդանոցում է եղել, հիշել իր տառապանքի տարիները և այնտեղ բուժվող բոլոր երեխաներին առողջություն մաղթել: Որդու ապաքինումն իսկական տոնի վերածելու համար հայտնի դհոլչի Սերոժն իր խմբի հետ նվագել է:









































