Թուրքիայի հիմնական ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը» բազմահազարանոց հանրահավաք է անցկացնում Ստամբուլի Մալտեպե շրջանում՝ ավարտելով Անկարայից Ստամբուլ 25-օրյա «Արդարության երթը», որի ընթացքում կուսակցության ակտիվիստներն իրենց առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի հետ հաղթահարել են մոտ 450 կմ։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
Երթը կազմակերպվել էր որպես բողոքի նշան կուսակցության պատգամավորներից մեկի դատավճռի դեմ։ Պատգամավոր Էնիս Բերբերօղլին դատապարտվել է 25 տարվա ազատազրկման։
Նրա դեմ դատական գործ էր հարուցվել «պետական գաղտնիք համարվող տեղեկությունները և փաստերը ռազմական ու քաղաքական լրտեսության նպատակով տարածելու» և «գյուլենականների խմբավորմանը գիտակցաբար փոխանցելու» մեղադրանքներով: Դատավճռում մասնավորապես նշվում է, որ Բերբերօղլին 2015 թվականին ընդդիմադիր «Ջումհուրիեթ» թերթին է փոխանցել տեղեկություններ այն մասին, որ թուրքական հետախուզությունը Սիրիայում զինում է իսլամիստներին:








































