ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան կողմ են Սիրիայում հակամարտության քաղաքական կարգավորմանը: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան հաղորդագրությունը, դա հաստատել են ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը և Մեծ Բրիտանիայի կառավարության փոխվարչապետ Նիկ Քլեգն իրենց հանդիպման ժամանակ, որը տեղի է ունեցել Բայդենի նստավայրում:
Բայդենը և Քլեգը քննարկել են մի շարք երկկողմ և տարածաշրջանային հարցեր, այդ թվում՝ Իրանի նոր ղեկավարության հանդեպ դիվանագիտության հնարավորությունները ստուգելու անհրաժեշտությունը: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել սիրիական թեմայի վրա:
Սպիտակ տան հաղորդագրության համաձայն՝ երկու առաջնորդներն էլ անհրաժեշտ են համարել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի ընդունումը, որով կապահովվի, որպեսզի Բաշար Ալ-Ասադի վարչակարգը կատարի քիմիական զենքի հարցով պարտականությունները: Նրանք նաև իրենց երկրների աջակցությունն են հայտնել Սիրիայում հակամարտության քաղաքական լուծմանը:










































