Րաֆֆի Հովհաննիսյանի «թավշյա հեղափոխության» առաջարկի մեջ բովանդակություն չկար: Դա պարզ էր ի սկզբանե: Քաղաքագիտության իմաստով անիմաստ է քննարկել մի գաղափար, որն անգամ չի ձևակերպվել հեղինակի կողմից: Բացի դրանից՝ ցանկացած գաղափար արդեն դատապարտված է ձախողման, եթե առաջարկվում է ոչ ռացիոնալ դաշտում, այլ քաղաքական մանթրաշը հաղթահարելու նպատակով:
Մյուս կողմից՝ Րաֆֆու առաջարկը դարձավ ինդիկատոր, որը բացահայտեց, որ քաղաքական ամբողջ համակարգն է զրկված այլընտրանքային գաղափարից, առաջարկից:

Սերժ Սարգսյանը մնացել է անայլընտրանք, և դա հետևանք է ոչ միայն այն հանգամանքի, որ նա անցած տարիներին ֆիլտրել է համակարգը՝ դրանից դուրս թողնելով բոլոր պոտենցիալ մրցակիցներին, ովքեր ունեին հավակնություններ և ռեսուրսներ:
Մեր քաղաքական համակարգի պրիմիտիվությունը վերջնականապես բացահայտվեց Կարեն Կարապետյանի վարչապետ նշանակվելուց հետո, այսինքն՝ նոր ներքաղաքական ստատուս քվոյի ժամանակ, երբ Սերժ Սարգսյանի «նոր ոգու» խայծը մյուս խաղացողների կողմից կուլ տրվեց:
Երբ կառավարությունից հեռացվեցին Գագիկ Խաչատրյանը, Գագիկ Բեգլարյանը, Սուրիկ Խաչատրյանը զրկվեց պետական ծառայությունից, Թոխմախի Մհերը՝ իշխանության բարեհաճությունից, հյուսվեց մի առասպել, թե կատաղի պայքար է մղվում քրեաօլիգարխիայի դեմ, մանավանդ, որ «հեքիաթներ» հորինվեցին բանանի մենաշնորհի վերացման մասին, լրագրողները լավաշ ռեպորտաժներով պատմեցին, թե ինչպես է «վախեցած» Սամվել Ալեքսանյանը շունչը պահած լսում նոր վարչապետի խորհրդարանական ելույթը:
Պաշտոնական քարոզչամեքենան հրաշալի աշխատեց՝ ստեղծելով Սերժ Սարգսյան-Կարեն Կարապետյան կեղծ դիլեմայի օրակարգը: Իհարկե, Սարգսյանն այնքան միամիտ չէր, որ խորհրդարանական ընտրություններում հույսը դներ ինքնասիրահարված վարչապետի ու նրան սիրահարված կանանց վրա: Կարեն Կարապետյանի բարի ժպիտի խորքերում Սերժ Սարգսյանն ապահով պատսպարում էր հարազատ քրեաօլիգարխիային, որը վերարտադրության էր գնում հերթական ֆիլտրումից հետո:

Սերժ Սարգսյանի վերջին ու ամենասկզբունքային ֆիլտրումը, որով նա դարձավ անայլընտրանք, Հովիկ Աբրահամյանից ազատվելն էր: «Լիսկաներն» ու «Թոխմախներն» այս պատմության մանրադրամն են: Քրեաօլիգարխիկ համակարգը պարբերաբար նման սանմաքրման կարիք ունի, որպեսզի ազատվի «գիշատիչներից», որոնց ախորժակը կարող է վտանգել ընդհանուրի կոմֆորտը:
Համակարգի «սանմաքրման» և ապահով վերարտադրության գործընթացում Կարեն Կարապետյանն անգնահատելի ծառայություն մատուցեց Սերժ Սարգսյանին: Իհարկե, Սարգսյանը նույնիսկ ուրախ կլիներ, որ Կարապետյանը կարողանար ապահովել համակարգին «նոր արյուն» ներարկելու առաքելությունը, այսինքն՝ 2018-ից հետո էլ կարողանար մենեջերություն ապահովել իր համակարգին՝ շարունակելով համակարգային փոփոխությունների պատրանքը: Մանավանդ, այդ հեքիաթին ու առասպելին սիրով հավատում է նաև Սերժ Սարգսյանին «քշելու» գերխնդիր ունեցող ընդդիմությունը: Այսինքն՝ Սարգսյանը պատրաստ էր ինքնակամ «քշվել»` հանուն իր ստեղծած ու ղեկավարած համակարգի կայունության և կենսունակության:

Սակայն Սարգսյանը հասկացել է, որ Կարապետյանը չի կարող կատարել այդ առաքելությունը, ու դրա համար են նրան նյարդայնացնում իր և Կարեն Կարապետյանի հակասությունների մասին խոսակցությունները: Կարեն Կարապետյանն այն մարդը չէ, ով հակասություններ կարող է ունենալ Սարգսյանի հետ: Հակասությունների «լեգենդը» հյուսվել էր Սարգսյանի քարոզչության կողմից՝ խորհրդարանական ընտրություններին «նոր ոգի» հաղորդելու և դրանք անցնցում անցկացնելու համար: Հիմա հակասությունների մասին զրույցները նույնիսկ վիրավորական են Սերժ Սարգսյանի համար, որովհետև մարդուն, մեծ հաշվով, չի կարող հակադրվել իր ստվերը:
Սակայն մենք ազգովի կարող ենք շարունակել հավատալ հեքիաթներին, որպեսզի Սարգսյանին քշենք՝ իշխանության բերելով նրա ստվերին:








































