Մամուլը նախօրեին ազդարարեց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանի կողմից հերթական առևտրի կենտրոնը բացելու մասին: Մասնավորապես, Աջափնյակ վարչական շրջանում հաջորդ տարի կառուցվելու է մասնագիտացված «Գարաժ մաստեր մոլ» նախատեսված ավտոմեքենաների պահեստամասերի, աքսեսուարների եւ նմանատիպ այլ պարագաների վաճառքի համար: Ծրագրված է նաեւ, որ տարածքում լինելու են ավտոմեքենաների սպասարկման կետեր: Մազմանյան եւ Շիրազի փողոցների հատման մասում գտնվող «Գարաժ մոլ»-ի շինարարությունը գրեթե ավարտված է, այժմ ներքին հարդարման աշխատանքներ են կատարվում:
Երևան քաղաքի «մոլապատումն» ըստ էության պետության վարած քաղաքականության հետևանք է: «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանի խոսքերով՝ պետությունն է որոշում, թե ինչպիսի քաղաքականություն վարել: «Կա պետության կողմից որդեգրված և վարվող քաղաքականություն: Պետությունն է որոշում սահմանափակել հանրապետության տարածքում մոլերի, հիպերմարկետների, սուպերմարկետների կառուցումը, թե ոչ: Հիմա եթե պետությունը նման սահմանափակում չի կիրառել, ապա որեւէ տնտեսվարողի կողմից նման գործունեություն ծավալելը քննարկելը անտրմաբանական է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Պիպոյանը:
Նրա խոսքերով՝ եթե խնդիրը դիտարկում ենք նաև տնտեսական տեսանկյունից, ապա այս մասով էլ է ակնհայտ, որ եթե այդ բիզնեսը Հայաստանում շահավետ չլիներ, ապա այն այդ արագությամբ չէր ծաղկի: «Եթե տնտեսապես շահավետ չլիներ, ապա որեւէ տնտեսվարող այդքան ներդրում չէր անի Հայաստանում: Բայց եթե խնդիրը դիտարկում ենք մեկ այլ տեսանկյունից, մասնավորապես Հայաստանում մոլերի ու հիպերմարկետների բացմանը զուգահեռ մենք ՓՄՁ-ների թվի աճ ունենք, թե նվազում, ապա կտեսնենք, որ դրանց բացումը բացասաբար է ազդում ՓՄՁ-ների վրա»,- ասաց Պիպոյանը:
Միևնույն ժամանակ, սակայն, Պիպոյանի դիտարկմամբ՝ պետությունը չպետք է այնպիսի քաղաքականություն վարի, որ խոշոր բիզնեսը լքի Հայաստանը: «Անկախ նրանից՝ այդ փողերը մաքուր են, կեղտոտ են, ինչ գույնի են, այն տնտեսվարողը, որը Հայաստանոմ քար է ստեղծում և ոչ թե դրսից է բերում այդ քարը կամ տանում դուրս, ապա դա ողջունելի է: Այն տնտեսվարողը, որը Հայաստանում քար է շարում, դրանից շահում է և՛ պետությունը, և՛ այդ տնտեսվարողը: Պարզապես պետությունը պետք է ունենա երկարաժամկետ ռազմավարություն , որ բիզնեսմենն էլ հասկանա, որ պետության պլաններն արագ չեն փոխվի և իր ներդրումները չեն փոշիանա»:
Պիպոյանի խոսքերով՝ որպեսզի մոլերը և հիպերմարկետները զարգանան և դրան զուգահեռ նաև չփակվեն, ՓՄՁ-ները պարզապես պետք է ժամային սահմանափակում կիրառեն: Այն գործարարները, որոնք սկսել են շահագործել իրենց սուպերմարկետները, մոլերը պետք է հասկանան, որ 24 ժամ չեն կարող աշխատել: Նրանք պետք է պայմանական աշխատեն 8 ժամ, որից հետո արդեն իրենց գործունեությունը կարող են ծավալել արդեն բակային խանութները: «Սա է միակ լուծումը»,- նկատեց Պիպոյանը:
Մեր զրուցակցի խոսքերով՝ մոլերի, հիպերմարկետների բացումը բնավ չի նշանակում, որ Հայաստանն դարձել է քաղաքակիրթ առևտրի կողմնակից: Օրինակ՝ եվրոպական մի շարք զարգացած երկրներ, Իտալիան, լեցուն են փոքր ու միջին ձեռնարկատիրությամբ զբաղվող հաստատություններով: «Հիմա ինչ՝ Հռոմը դարձավ ոչ քաղաքակիրթ իր փոքր խանութներով, իսկ մենք մեր մոլերով դարձա՞նք քաղաքակիրթ: Սա քաղաքակրթության հետ ոչ մի կապ չունի: Սա զուտ պետության վարած տնտեսական քաղաքականությունն է: Քաղաքակրթության նշանը՝ պետության կողմից վարված բալանսավորված տնտեսություն ունենալն է, որը մենք չունենք: Սա է քաղաքակրթության չափորոշիչը»,- եզրափակեց Պիպոյանը:
Լուսանկարը ՝ news.am-ի









































