ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը շնորհավորական ուղերձ է հղել Սահմանադրության օրվա առթիվ:
Սիրելի հայրենակիցներ,
շնորհավորում եմ մեր պետական կարևորագույն տոներից մեկի՝ Սահմանադրության օրվա առթիվ:
Ամրապնդելով պետականության հիմքերը, մարդուն, նրա իրավունքները և ազատությունները հռչակելով բարձրագույն արժեք` Սահմանադրությունն ամրագրել է բոլորիս ձգտումը` ապրել արդար և իրավական պետության մեջ: Ավելի քան 20 տարվա ընթացքում հիմնական օրենքի, այնուհետև դրանում կատարված փոփոխությունների ընդունմամբ սահմանադրական նորմերը որպես ուղենիշներ հիմնավորապես հաստատվել են պետական շինարարության մեջ և մեր երկրի հասարակական-քաղաքական կյանքում:
Հարգելի հայրենակիցներ,
մեր առջև շարունակաբար բացվում են նոր հնարավորություններ: Գլխավորապես մեզնից` մեր իրավունքներն ազատորեն իրացնելուց և պարտականությունները պատշաճ կատարելուց են կախված մեր առաջընթացն ու զարգացումը: Մենք պիտի ջանք չխնայենք, որ մեր երկիրը հաջողությամբ հաղթահարի դժվարությունները և հաստատուն քայլերով ոտք դնի զարգացման հաջորդ փուլ: Սահմանադրությունը ստեղծել է դրան հասնելու բոլոր պայմաններն ու գործիքները:
Քաղաքացու և պետության շահերի ընդհանրության գիտակցումով պետք է միավորենք մեր կարողությունները, հմտությունները և հնարավորությունները` այդ ամենն օգտագործելով ի շահ երկրի և ի բարօրություն ժողովրդի:
Մաղթում եմ կայուն խաղաղություն, ամուր առողջություն, բարեկեցություն, չթուլացող հավատ վաղվա օրվա և սեփական ուժերի հանդեպ:








































