«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ազատամարտիկ, ԱԻՄ կուսակցության խորհրդի անդամ Գագիկ Սարուխանյանը։
-Պարոն Սարուխանյան, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն առաջարկում է ընդդիմադիրների լայն կոնսոլիդացիա թավշյա հեղափոխություն իրականացնելու համար: Կմիանա՞ք արդյոք:
-Հարցն այն է, թե ով է առաջարկում թավշյա հեղափոխություն իրականացնել: Ցանկացած հեղափոխության համար, լինի Հայաստանում, թե լինի այլ երկրներում, համապետական ընտրություններից ավելի լավ դետոնատոր գոյություն չունի: Երևի թե միակ դետոնատորը, երբ ընտրություն է կեղծվում, երբ Սահմանադրություն է կեղծվում: Եվ Րաֆֆի Հովհաննիսյանի ուշացած հայտարարությունները, ինձ, մեղմ ասած, տարօրինակ են թվում: Հեղափոխությունը թաշվյա է լինում այն դեպքում, երբ իշխող վերնախավը ցանկանում է թավշյա անցնել այդ հեղափոխությունը: Իսկ եթե իշխանությունում նստած են Հոկտեմբերի 27-եր, Մարտի 1-եր, քաղբանտարկյալներ թույլտվողներ, ինչպե՞ս է պատկերացնում պարոն Հովհաննիսյանը հեղափոխության թավշեությունը կամ ինչ է նշանակում, ըստ իրեն, թավշյա հեղափոխություն: Ենթադրում եմ, որ թավշյա հեղափոխություն ասելով՝ նա նկատի ունի անցնցում, անկորուստ, բայց հայաստանյան իրականության մեջ նման բան անհնար է, քանի որ անգամ թավշյա հեղափոխություն կարող է լինել այն երկրներում, որտեղ տեղի իշխանությունները թույլ չեն տվել իրենց ժողովրդի նկատմամբ նման ստորություններ, հանցագործություններ: Այս իշխանությունները գիտեն, որ իրենց՝ իշխանությունից հեռանալուց հետո դատարանի առջև են կանգնելու՝ սկսած վերնախավից մինչև միջին խավի կառավարման օղակները, որովհետև իրենք մասնակից են եղել: Եվ մենք նմանատիպ դեպքեր ունեցել ենք պատմության մեջ: Նույնիսկ Նյուրբերգյան պրոցեսի ժամանակ գերմանացի սպաները, զինվորները, որոնք ընդամենը զինվորներ էին և հրամաններ էին կատարում, անգամ դա մեղավորությունից իրենց զերծ չպահեց: Այսօր ներկա էին տղաների դատավարությանը, որտեղ տեսա ոստիկանների պահվածքը: Դատարանի մոտ կանգնած մարդկանց բիրտ ուժով հեռացնում էին, քաղաքացիներից մեկը հարցրեց՝ ինչ ուզում, անում եք: Պատասխանը գնդապետ կոչվածի եղավ հետևյալը՝ այո, և կանենք: Սա գնդապետի պատասխանն էր քաղաքացուն: Այնինչ այդ սադրանքը կազմակերպեցին իրենք, որպեսզի կարողանան մարդկանց մոտ վախի մթնոլորտ ստեղծել: Դատարանի դահլիճում՝ հարազտների աչքի առաջ, դատապարտյալին՝ կոպիտ, ձեռքերը ոլորելով հանում են դահլիճից դուրս՝ դատարանի դահլիճում վրդովմունք առաջացնելու համար: Եվ ընդհատվում է դատը: Անգամ դատավարությունն են սադրում իրենք, ինչ մնաց՝ թավշյա հեղափոխությունը: Րաֆֆի Հովհաննիսյանին շանս էր տրված: Ես՝ որպես ԱԻՄ ներկայացուցչական խորհրդի անդամ և միջկուսակցական կապերի պատասխանատու, հոկտեմբեր-նոյեմբեր ամսիներին անձամբ իմ ձեռքով «Ժառանգության» գրասենյակ եմ տարել նամակը, որտեղ պարզ՝ սևով սպիտակի վրա գրված էր՝ անհրաժեշտ է կողքի դնել բոլոր տարաձայնությունները և միավորվել ընդդեմ հանցավոր ռեժիմի: Պատկերացնո՞ւմ եք՝ այս գրավոր նամակին «Ժառանգությունն» անգամ բանավոր չպատասխանեց մինչև ընտրությունների սկիզբը: Այդ ժամանակ ԱԻՄ-ը փորձեց ՕՐՕ կոչված տարօրինակ դաշինքը, որը ես ՕՄՕ էի կոչում, որովհետև այնտեղ Օհանյանը, Օսկանյանը և Մարտիրոսյանն էին հիմնական դերակատարները, անգամ այդտեղ պտտվող լուրերի շրջանակներում նաև Րաֆֆիի գործոնն է եղել, որ ԱԻՄ-ին պետք է ցուցակից հանել: Այսինքն՝ այս մարդն ինչ է ուզում, ես չեմ հասկանում: Եթե դու շանսը բաց ես թողնում, և ոչ միայն բաց ես թողնում, այլ նաև խոչընդոտում ես իրական շանսերը, արդյունքում դուրս մնացին Դեմոկրատական կուսակցությունը, նաև մյուս ուժերը, ի՞նչ չափորոշիչներով էին առաջնորդվում այսպես ասած առաջատար դեմքերը, որ սրան կամ նրան նեղում էին: Մենք առաջարկ էինք արել, ասում էինք՝ եթե դաշինքը կամ միացումը հավաքում է 49 տոկոս և չի գերազանցում 50 տոկոսը, բոլորս մանդատները վայր ենք դնում՝ չստորագրեցին:
-Այսինքն՝ որևէ կերպ չկա՞ այս նախաձեռնությանը միանալու հնարավորություն:
-Չկա այն անձը, որին կհավատաս: Այսինքն՝ ինչպես կարող է գառների պահպանության գործի ջատագովը լինի գայլը: Նա կորցրել է իր վստահությունը: Եվ ես մի քանի օրինակ բերեցի: Ես ոչ թե խոսում էի այս անձի թուլության մասին, որ եկեք օգնենք, քանի որ թույլ է, կանգնենք կողքը, ուժեղանա, այս անգամ էլ փորձենք, ես բացեցի չակերտները, որ այդ մարդը դիտավորյալ իր անձապաշտության, եսասիրությամբ կենտրոնացել է, ինչ է նշանակում՝ եկեք միանանք, ուզո՞ւմ է միանա, թող գա միանա ինձ, որովհետև ինքը հենց այդ անձն է: Եվ երբ ես նամակը տվել եմ և նա չի պատասխանում, չի ասում ժամանակավրեպ է, կամ այս կետն այն չի, չի գոհանում և այլն, հիմա ո՞ւմ միանանք: Ուզո՞ւմ է միանալ, թող գա շարք կանգնի, հերթ կանգնի, իրեն կհանձնարարենք՝ ինչ անի և ինքը կանի:
-Հիմա խորհրդարանական ընդդիմադիրներն էլ ասում են, որ դեռ օրակարգը պարզ չէ թավշյա հեղափոխության և ըստ էության մերժում են առաջարկը: Դուք նույնպես: Արդյո՞ք ընդդիության շարունակ ձախողումները չմիավորվելու արդյունք չեն:
-Այո՛: Ինչո՞ւ է ստացվում այնպես, որ վերջին րոպեին չեն միանում, ձախողվում է ամեն ինչ: Կրկնում եմ՝ միացողը ժամանակին է միանում: Ռուսն ասում է՝ «После обеда горчица не нужна»: Այդ մարդը բավականին տարօրինակ մարդ է: Ուզում եմ իրեն հիշեցնել հետևյալը: Խնդիրը ոչ թե չմիանալն է, այլ հենց իր անձը: Ժամանակին հիշո՞ւմ եք․ նախագահական ընտրությունների ժամանակ, երբ ԱԻՄ ներկայացուցիչը նախագահի թեկնածու էր: Մինչև կրակելը, մենք հարցումներ էինք իրականացնում, և մենք տեսանք, որ օրեցօր բոլոր ընդդիմադիրների տոկոսներն աճում էին, հատկապես Րաֆֆի Հովհաննիսյանի, Պարույր Հայրիկյանի և Հրանտ Բագրատյանի: Շաբաթը մեկ հարցում էինք անում, տեսնում էինք, որ Պարույր Հայրիկյանի վարկանիշը 3 տոկոսից դարձավ հինգ, Րաֆֆիինը՝ 15-ից՝ 18, Բագրատյանինը՝ 4-ից՝ 6: Մեկ շաբաթ հետո տեսանք, որ պարոն Հայրիկյանինը հինգից դարձավ ութ, Րաֆֆիինը՝ 20-ից՝ 22, Բագրատյանինը դարձավ ութ: Պարույր Հայրիկյանի տոկոսը դարձան 20, Րաֆֆիինը՝ 30, Բագրատյանինը՝ 10: Փորձեցինք մի անգամ էլ այսպիսի հարցում անցկանացել՝ ում կտաք ձայնը, եթե այս երեք թեկնածուները միանան՝ Սերժ Սարգսյանի՞ն, թե՞ այդ երեք թեկնածուների միացյալ թեկնածուին: Մարդիկ առանց հարց տալու, թե այդ երեքից կոնկրետ ում են առաջադրելու, 80 տոկոս ձայնը տալիս էին միացյալ թեկնածուին: Մենք անմիջապես կապ հաստատեցինք Րաֆֆիի շտաբի հետ, ցույց տվեցինք տվյալները, ասացինք՝ եկեք միավորվենք: Հո մենք չէինք ասում՝ ով պետք է լինի առաջին համարը: Հայրիկյանը ասում էր՝ ավելի լավ է ես լինեմ հաղթող թիմի մեջ երրորդը, քան թե պարտվող առաջինը: Մեր կողմից չկային ամբիցիաներ: Րաֆֆին ասաց՝ վաղը կպատասխանենք, վաղը դարձավ մյուս օր: Նորից զանգեցինք, հիմա էլ՝ երկու օրից, երեք օրից կպատասխանենք, դեռ նիստ չենք արել, վայ, մոռացել ենք: Եվ այդպես մեզ մեկ ամիս քաշքշեց, քթներիցս բերեցին, մինչև այն պահը, երբ Հայրիկյանին կրակեցին, և Հայրիկյանը անգամ այդ դեպքում ուշքի գալով հանձնարարեց՝ կապնվել եք տղաներ Րաֆֆիի հետ, ինչ է ասում միացման համար: Եվ այդպես էլ պատասխան չտվեց: Հիշո՞ւմ եք պարոն Հայրիկյանը դիմում էր գրել ընտրությունները հետաձգելու համար, հենց այդ հետաձգելու միակ հանգամանքը եղել է մի բան. ընդամենը ժամանակ ունենա Րաֆֆի կոչեցյալը հայտարարություն անի ըստ էության: Հրանտ Բագրատյանը երկու ձեռքով կողմ էր, ասում էր՝ որ պահին միացման պրոցեսը գնա, ես կողմ եմ: Մնում էր ընդամենը Րաֆֆին այո ասեր, բայց նա այդպես էր իր համաձայնությունը չտվեց: Կարո Եղնուկյանը նորից կապ հաստատեց, որ իմանա պատասխանը, նորից ասաց՝ երկու օրից կասեմ, բայց մեկ օր էր մնացել: Սահմանադրական դատարանում կամ պետք է հետաձգենք ընտրությունները, որ միավորվենք: Պարոն Հայրիիկյանը զգաց, որ սա նորից հրաժարվում է միացման համար, ասաց՝ գնացեք դիմումը հետ վերցրեք:
Հիմա Րաֆֆու կողմից հնչեցրած առաջարկը որպես սադրանք եմ դիտում, նա մարդկանցից առաջ է ընկնում, որ հանկարծ դաշտում միավորվողներ չլինեն: Հաղթել էիր, ընտրողներդ 50 տոկոսից ավելի ձայն էին տվել քեզ, բա գնայիր տեր կանգնեիր այդ ձայներին, ոչ թե գնայիր մոմեր վառելու, բա թավշյա էիր ուզում, թավշյա հեղափոխություն էիր ուզում՝ անեիր, քթիցդ առաջ մարդկանց բանի տեղ չես դնում:








































