Հայաստանում ԱՄՆ և Ֆրանսիայի դեսպանները հնարավոր ներդրումների վերաբերյալ իրար հետևող իրենց հայտարարություններով շոկ են առաջացրել էներգետիկ ոլորտով հետաքրքրվող փորձագետների, ինչու չէ, նաև ՀՀ իշխանությունների մոտ: Նախ, ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսն անցած ամիս հայտարարեց, թե ԱՄՆ ընկերությունները հետաքրքրված են Հայաստանի վերականգնվող էներգետիկայի բնագավառում ներդրումներով, և շուրջ 8 մլրդ դոլարի ներդրումների համագործակցության հնարավորություն կա, եթե, իհարկե, ՀՀ իշխանությունները դրա համար համապատասխան դաշտ ստեղծեն:

Իսկ մի քանի օր առաջ էլ Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն էր հայտարարել, թե ֆրանսիացի գործարարներն էլ են պատրաստ ներդրումներ անել Հայաստանի էներգետիկ ոլորտում: Դեսպանն ասել է, որ ֆրանսիական խոշոր ընկերություններն ուսումնասիրում են հայկական շուկան, հատկապես էներգետիկ ու տրանսպորտային ոլորտը, և մոտակա ամիսներին էներգետիկ ոլորտի նախագծերը կհրապարակվեն: Սրանք բավականին հեղափոխական հայտարարություններ են մեր երկրի և իշխանությունների համար այն առումով, որ ՀՀ էներգետիկ ոլորտը՝ գազի ներկրումն ու բաշխումը, էլեկտրաէներգիայի արտադրությունն ու բաշխումը, նավթամթերքների մատակարարումը գտնվում է Ռուսաստանի վերահսկողության ներքո, էներգետիկ օբյեկտների մեծ մասը ռուսական ընկերությունների սեփականությունն են: Եվ ՌԴ-ն, ինչպես ամբողջ աշխարհում, իր էներգետիկ մահակն օգտագործում է տվյալ երկրների վրա ճնշում գործադրելու համար: Այդ առումով դեսպանների հայտարարությունները ոչ միայն հեղափոխական են, այլև սպառնում են մեր երկրում ՌԴ դիրքերի թուլացմանը:

Եթե, իհարկե, այն հայտարարությունից հասնի իրականության: Տվյալ դեպքում խոսքը գնում է վերականգնվող էներգետիկայի, մասնավորապես արևային էներգետիկայի արտադրությանը, ինչի պոտենցիալ Հայաստանն ունի, և ինչը կարող է այլընտրանք հանդիսանալ ռուսական գազին ու էլեկտրաէներգիային: Բայց արդյոք ՌԴ-ն ՀՀ իշխանություններին թույլ կտա, որ նրանք էներգետիկ ոլորտն այդպես կիսեն իրենց և արևմուտքի միջև: «Եթե ՌԴ-ն նույնը չի կարող ինքն անել, այդ դեպքում ի՞նչ պետք է անի: Արևային էներգետիկան չէ, թող այլ ոլորտ լինի: Իսկ եթե խոսքն արևային էներգետիկայի մասին է, որտեղ ՌԴ-ն առանձնապես փորձառություն չունի, արևմտյան ընկերությունը կարող է հաջողությամբ մտնել: Եվ եթե կան բնագավառներ, որտեղ նա չի կարող զարգանալ, դա շատ հարմար տարբերակ է, որ ուրիշները մտնեն»,- մեզ հետ զրույցում ասաց «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի պատասխանատու, նավթային համակարգի մասնագետ Պետրոս Թերզյանը:
Իսկ քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը բոլորովին պատահական չի համարում ԱՄՆ և Ֆրանսիայի դեսպանների նման հայտարարությունները: Չէ որ ՀՀ իշխանություններն իրենք են անընդհատ հայտարարում, որ Հայաստանում ներդրումների համար դաշտը բաց է: Ավելին, անցած տարի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն հենց ԱՄՆ-ում է նման հայտարարություններ ու կոչեր հնչեցրել: Եվ նման հայտարարություններն այդ կոչերի արձագանքն են: «Այսինքն՝ պատահական չէ, որ հիմա հետաքրքրությունը մեծանում է: Պետության առաջին դեմքը երբ լինում է ԱՄՆ-ում և Եվրոպայում ու նման հայտարարություններ է անում: Պարզ է նաև, որ միջազգային տարբեր կորպորացիաներ և տարբեր երկրներ միշտ նոր շուկաներ են փնտրում: Հիմա մի խնդիր կա, դաշտը հավասար կլինի՞ բոլորի համար, թե՞ մենաշնորհները կմնան: Գուցե իշխանություններն իսկապես ուզում են բացել դաշտը և այդ ոլորտն ավելի մրցունակ դարձնել: Եվ գիտեք, դա միայն իշխանությունների լավ ցանկություններից չէ, որ գալիս է, դա գալիս է կյանքից, որ արդեն պարտավոր են քայլեր անել: Գիտեք, թե ներդրումների առումով ինչ ծանր վիճակում են: Իսկ արևային էներգետիկան վերջին տարիներին շատ զարգացավ և մեծ տարածում ստացավ: Այն նաև բավականին էժանացավ: Ու եթե ինչ-որ դեպքում այլընտրանք ունես, միշտ էլ ապրելն ու աշխատելը հեշտ է»,- ասում է քաղաքագետը:
Այնուամենայնիվ կա այն վտանգը, որ երբ արևմտյան ընկերությունները սկսեն ՀՀ էներգետիկ ոլորտում գործունեություն ծավալել, ՌԴ-ն մեր իշխանություններին ստիպի կասեցնել դա: Պ. Թերզյանի նման, Ս. Գրիգորյանն էլ, միանշանակ, համաձայն չէ նման տեսակետի հետ և հարց է բարձրացնում, թե ով է հիմա մեզ խանգարում կառուցելու Իրան-Հայաստան երկրորդ գազամուղը: Իհարկե, նույն ՌԴ-ն, որը տարիներ առաջ ոչ միայն թույլ չտվեց, որ այդ գազամուղը լինի այնպիսի տրամաչափի, որ գազի տարանցիկ տեղափոխման համար էլ ծառայի, այլև սեփականացրեց այն: ՌԴ-ն ստիպեց փոքր տրամաչափի գազատար անցկացնել, որով հնարավոր լինի միայն ներքին սպառման համար գազ ներկրել: «Հասկանում եմ, բայց դա այն ժամանակ էր: Իսկ այսօր ո՞վ է խանգարում, ասենք՝ Վրաստանի գազը ՀՀ տարածքով Եվրոպա հասցնել: Կամ ՌԴ-ն ինչ կապ ունի մեր արևային էներգետիկայի հետ: Եվ եթե իշխանությունները իսկապես ուզենան, որ արևմտյան ընկերություններն այդ ոլորտում ներդրումներ անեն, կարծում եմ, որ շարժ կլինի: Եվ այդպիսով պարզ կդառնա մեր սուվերենության մակարդակը: Օրինակ՝ տարեվերջին մենք կկարողանա՞նք ԵՄ-ի հետ ստորագրել նոր պայմանագիրը, այդ ընկերությունները կկարողանա՞ն մտնել ՀՀ էներգետիկ շուկա: Այո, ՌԴ-ի այդ խնդիրը կա, բայց այդքան տարի է անցել: Մենք հո այդ երկրի հետ պայմանագիր չենք ստորագրել, թե այլևս երբեք չենք փորձի Իրան-Հայաստան նոր գազատար կառուցել: Սահմանափակումները միայն այդ ծրագրին էին վերաբերում: Եվ եթե այդ տրամաբանությամբ գնանք, մեզ ոչ միայն թույլ չեն տա արևային էներգետիկա զարգացնել, վաղը մեզ չեն թողնի այստեղ ապրել: Բայց ես չեմ կարծում, որ վիճակն այդքան վատ է: Ժամանակը մեր սուվերենության աստիճանը ցույց կտա: Օրինակ՝ ես հավատում եմ, որ աշնանը կստորագրենք ԵՄ-ի հետ նոր պայմանագիրը»,- եզրափակեց Ս. Գրիգորյանը:








































