Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վաղը մեկնում է Իտալիա։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանում Իտալիայի դեսպան Մարիո Բալդին։
Իտալիայում Ալիևը մասնակցելու է իտալական միացյալ պետության ձևավորման 150-ամյակին նվիրված միջոցառումներին։
Իտալիայի դեսպանի խոսքերով, հունիսի վերջին պլանավորված է Ադրբեջանի էներգետիկայի և արդյունաբերության նախարար Նատիգ Ալիևի այցը Իտալիա։ Այնտեղ նա մասնակցելու է միջկառավարական հանձնաժողովի նիստին։ Ակնկալվում է, որ այդ այցի ընթացքում կողմերը կնքելու են էներգետիկ ոլորտին առնչվող համաձայնագիր։
Հիշեցնենք, որ 2010 թվականին և 2011 թվականի առաջին չորս ամիսներին Ադրբեջանի խոշորագույն առևտրային գործընկերների ցանկը գլխավորել է Իտալիան։









































