Չնայած նրան, որ 2009թ-ից արգելվել էր թուրքական և ադրբեջանական կենդանական ու բուսական հումքի և մթերքի ներկրումը, Գյուղնախարարությունը վստահեցնում է, որ այդ ապրանքների ներմուծումը երբեք չի դադարել, այլ կատարվել է ուղեկցող փաստաթղթերի կեղծմամբ և այլ մեքենայություններով:
Ըստ նախարարության՝ 2009 թվականի սեպտեմբերի 15-ի թիվ 220-Ա հրամանն ընդամենը անհատական իրավական ակտ էր և որևէ իրավական հետևանք չի կարող առաջացնել, քանի որ Հայաստանը և Թուրքիան Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ են: Սա նշանակում է, որ այս երկու պետությունները միմյանց նկատմամբ որևէ առևտրային սահմանափակում չեն կարող կիրառել ԱՀԿ շրջանակում:
Գյուղնախարարությունը միայն հուսադրում է, որ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ունի բավարար ներուժ` Հայաստան ներկրվող սննդամթերքի անվտանգությունը ստուգելու համար: Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը չեղյալ է հայտարարել թուրքկանան և ադրբեջանական կենդանական ու բուսական հումքի և մթերքի ներմուծման արգելքի որոշումը հունիսին:







































