Արևելյան գործընկերության քաղաքացիական պլատֆորմի անդամ Գյումրիի «Ասպարեզ» ակումբը երեկ սառեցրեց անդամակցությունը պլատֆորմին` հայտարարելով, որ Հայաստանում ձեռնարկվելիք առաջին գործը պիտի լինի գործող իշխանությանը հրաժարական պարտադրելը: Նշենք, որ ֆորումին անդամակցում են 187 ՀԿ-ներ ու միություններ, որոնց մեջ կան նաև Մաքսային միությանը կողմ կազմակերպություններ: Ներկայացնում ենք «Առաջին լրատվական»-ի զրույցը Արևելյան գործընկերության քաղաքացիական պլատֆորմի ազգային համակարգող Բորիս Նավասարդյանի հետ:
– Պարոն Նավասարդյան, կառավարությունը, փաստորեն, արդեն սկսեց քննարկել Մաքսային միության փաստաթղթերը, սակայն Արևելյան գործընկերության քաղաքացիական պլատֆորմը մինչ այժմ որևէ շարժում, հնչեղություն ունեցող որևէ բան չի արել Մաքսային միության հետ կապված: Դա ինչպե՞ս հասկանանք:
– Մենք արել ենք հայտարարություն, որտեղ հայտնել ենք մեր վերաբերմունքը նախագահի` Մաքսային միությանն անդամակցելու մտադրության վերաբերյալ մոսկովյան հայտարարությանը, բայց այս պահին ունենք միայն իրավիճակի գնահատական:
– Պատրաստվո՞ւմ եք քաղաքացիական որևէ շարժում ծավալել:
– Ինձ թվում է` քաղաքացիական շարժումն արդեն կա Հայաստանում, և եղել են արդեն մի քանի ակցիաներ: Թե ինչպես պլատֆորմը կմասնակցի, կմիանա, իր կողմից ինչ-որ նախաձեռնություններ հանդես կբերի` դա պարզ կլինի մոտակա օրերի մեր քննարկումների ընթացքում:
– Մտավախություն չկա՞, որ պլատֆորմը հնարավոր է անդամներին կորցնի, եթե շարունակի պահպանել պասիվ վիճակը:
– Նախ` ես համաձայն չեմ, որ պլատֆորմում պասիվ իրավիճակ է: Եթե որևէ մեկը կա, որը ակտիվ իրավիճակում է գտնվում և հստակ իր գնահատականը և դիրքորոշումները ներկայացնում է, այն, ինչ մենք չենք լսում քաղաքական ուժերից և այլ կառույցներից` նույնիսկ պաշտոնական, ես գտնում եմ, որ իրոք, մենք այն կառույցն ենք, որ առավել ակտիվ է դրսևորում իր գնահատականները և առավել ակտիվ է քննարկում իր մեջ իր անելիքները: Պլատֆորմը շատ ակտիվ, նույնիսկ չափից դուրս ակտիվ իրավիճակում է գտնվում:
– Այդ դեպքում, ինչո՞ւ են անդամները սառեցնում իրենց գործունեությունը պլատֆորմում:
– Առայժմ դիմել է ընդամենը մեկ կազմակերպություն` Գյումրիի «Ասպարեզ» ակումբը, որը սառեցրել է իր անդամակցությունն այն պատճառով, որ ուզում է հասկանալ պլատֆորմի անելիքները, նոր որոշել` մնում է պլատֆորմում, թե ոչ: Իսկ որևէ այլ գործընթաց, որ պլատֆորմը կորցնում է իր անդամներին, տեղի չի ունենում: Չնայած այս իրավիճակում, երբ Հայաստանի հասարակությունը, ոչ մեր կամքով, բաժանվում է երկու մասի, չի բացառվում, որ համապատասխան բաժանում տեղի է ունենալու նաև քաղաքացիական հասարակության ներսում:
– Պարոն Նավասարդյան, տեղեկություններ կան, որ պլատֆորմում նաև «մաքրման» գործընթաց է գնում, և այն կազմակերպությունները, որոնք այս ընթացքում դեմ չեն արտահայտվել Մաքսային միությանը, հեռացվում են պլատֆորմից: Ճի՞շտ է դա:
– Բացարձակապես, այդպիսի բան չկա:
– Իսկ նման միտում կա՞, որ նրանք հնարավոր է հեռացվեն:
– Ո՛չ, այդպիսի բան չկա: Կան ինչ-որ գաղափարներ, որոնք որևէ կերպ դեռ չեն ձևավորվել, որ ցանկալի է, որ պլատֆորմում լինեն այն կազմակերպությունները, որոնք եվրաինտեգրացիայի կողմնակից են: Բայց այդ գաղափարը շատ հում վիճակում է, և դրա հետ կապված որևէ հետևանքներ մոտակա ժամանակ չեն լինի:
– Կարո՞ղ եք նշել` ո՞ր կազմակերպություններն են այդ գաղափարի կողմնակից:
– Կարող է` շատ լինեն, ես չգիտեմ: Քանի որ այդ հարցի կոնկրետ, օրակարգային քննարկում չի եղել, իսկ որպես գաղափար շատերն էին նախորդ ամիսներին հայտնում: Իմաստ չունի, որ առանձին մարդկանց կամ կազմակերպությունների նշենք: Հենց պլատֆորմի ստեղծման պահից էդ կարգի խոսակցություններ գնում են, բայց դա դեռ օրակարգային հարց չի դարձել:
– Իսկ ինչպե՞ս հասկանանք, որ այդ պլատֆորմում կան կազմակերպություններ, որոնք կողմ են Մաքսային միությանը:
– Մաքսային միության խնդիրը նոր է արդիական դարձել, իսկ պլատֆորմին անդամակցել են սկսած 2010 թվականից: Այնպես որ, երևի առիթ դեռ չի եղել հասկանալու և տարանջատելու այն կազմակերպություններին, որոնք կողմ են, և որոնք դեմ են:
– Սակայն նույն Առևտրաարդյունաբերական պալատը կամ այլ կազմակերպություններ այսօր կողմ են արտահայտվում Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությանը: Ինչպե՞ս կարող են նրանք այդ պլատֆորմում լինել:
– Դե, իրենք թող որոշեն, որովհետև մինչև սեպտեմբերի 3-ը նույնպես կողմ էին Ասոցացման համաձայնագրի նախաստորագրմանը: Սա իրենց համար նոր իրավիճակ է, երբ մեկը մյուսին հակասում է: Այնպես որ, նոր պիտի կողմնորոշվեն և հասկանան, թե ինչ դերակատարություն ունեն պլատֆորմում, և արդյոք ունեն, թե ոչ:
– Այսպես ստացվում է, որ իրենց մասնակցությունը պլատֆորմին ֆորմա՞լ է:
– Դե, գիտեք, Հայաստանում շատերը կարծում են, որ կարելի է միաժամանակ լինել Մաքսային միության անդամ և շարունակել համագործակցությունը և ինտեգրումը Եվրամիությանը ու խորացնել հարաբերությունները Եվրամիության հետ: Բնականաբար, այդ տեսակետի տեր մարդիկ միանգամից չեն կարող դուրս մնալ պլատֆորմի քննարկումների օրակարգերից: Մենք պատրաստ ենք իրենց լսել, պատրաստ ենք իրենց հիմնավորումները նույնպես քննարկել: Ինձ թվում է` դա իրենց որոշելիք հարցն է` ինչքանով է իրենց հետաքրքիր լինել պլատֆորմում: Պլատֆորմն առայժմ որևէ, ձեր ասած, «մաքրման» միտումներ չի դրսևորում:
Իսկ ի՞նչ է անելու նոր իրավիճակում պլատֆորմը:
– Մենք այսօր սկսել ենք այդ հարցը քննարկել: Կշարունակենք նաև մոտակա օրերին: Եվ հուսով եմ` ինչ-որ ընդհանուր հայտարարի կգանք: Առայժմ վերջնական որոշում չկա: Կա գնահատական իրավիճակի, որը պլատֆորմը հայտնել է իր հայտարարության միջոցով:









































