Վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ կայացած կառավարության նիստի ժամանակ տրանսպորտի և կապի նախարարին, ինչպես նաև ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին հանձնարարեց կանոնակարգել տաքսի-ծառայության լիցենզավորման գործընթացը, հետևել տաքսիստների արտաքին տեսքին:
«Անթրաշ, չստիկով, սիգարետը բերանին, Երևանյան լիճը Սևանա լճի տեղ Մալաթիա-Սեբաստիայով բերել, տարիֆների տարբեր կիրառում և այլն: Սա անթույլատրելի է: Հայաստան եկած զբոսաշրջիկի առաջին հանդիպումը տաքսու վարորդի հետ է: Նման տեսքը, սակագներում ուղևորին խաբելն անթույլատրելի են»,- ընդգծեց վարչապետ Կարեն Կարապետյանը: Նա հանձնարարեց վերանայել տաքսի-ծառայության լիցենզավորման գործընթացը, որպեսզի նման դեպքերը բացառվեն:
«Ավտովարորդների պաշտպանության լիգա»-ի նախագահ Տիգրան Հովհաննիսյանի խոսքով՝ վարչապետի այս հայտարարությունը ընդամենը պոպուլիստական հայտարարություն է, որով վերջինս ցանկանում է իր կերպարի շուրջ դրական ընկալում առաջացնել հասարակության մեջ:
«Մենք ընդունում ենք, որ խնդիր կա այս ոլորտում, կան ոչ պատշաճ տեսքով տաքսու վարորդներ, բայց պետք չի ճոխացնել այս ամենը: Ես չեմ պատկերացնում, որ այդքան հիմար տուրիստներ կան, որ կարելի է իրենց խաբել և Կարապի գյոլը Սևանա լճի տեղ ցույց տալ: Էդ կարգի խարդախ վարորդներ հնարավոր չի պատկերացնել: Ես կարծում եմ՝ մեկը վարչապետին սուտ տեղեկություն է տվել: Եվ հիմա այսկերպ վարչապետը փորձում է հասարակության աչքին բարձրանալ, ցույց տալ, թե ինչքան է մտածում մարդկանց մասին: Բայց կառավարությունը առ այսօր հասարակության մեջ տաքսիստների նկատմամբ դիտավորյալ ատելություն է ներարկել, որ հասարակությունը միշտ տաքսիստներին ատի, իսկ իրենք դրա հիման վրա միջազգային կառույցներից ու բանկերից փող ուտեն ու օրենք գրեն»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Հովհաննիսյանը:
«Իրականում կառավարությունը այդպես էլ թողնելու է այս ոլորտը՝ առանց կանոնակարգման և կարգավորման: Տաքսիստները միշտ էլ մնալու են չստերով, անթրաշ և սիգարետով, որ միշտ տարին մեկ ասեն՝ ժողովուրդ, որոշել ենք թրաշենք տաքսիստներին, կոշիկ հագցնենք, քանի որ ձեր մասին շատ ենք մտածում: Բայց իրենք ստում են, քանի որ իրենց հիմնական խնդիրը փող ուտելն է»,- հավելեց նա:
Տիգրան Հովհաննիսյանի խոսքով՝ լիցենզավորման կարգում փոփոխություններ պետք են, և դրա մասին արդեն 10 տարի է՝ բարձրաձայնում են տաքսիստները, բայց ոչ մեկը բանի տեղ չի դնում: «Իսկ վարչապետի երեկվա լոլոն, չգիտես ինչի, մեծ արձագանք է ստացել: Եկեք, տեսեք, փոփոխություն է պետք: Բա մենք էս քանի տարի ինչ էինք ասում: Իսկ վարչապետի հայտարարությունը պոպուլիստական է: Տրանսպորտի նախարարությունից ինչ-որ մի սուտասան սխալ տեղեկություններ է տվել վարչապետին, նա էլ տրվել է այդ ստին ու նման հայտարարություններ արել»,- նկատեց Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ իրենք արդեն 10 տարի է՝ բարձրաձայնում են ոլորտը թմրամոլներից, հոգեկան հիվանդներից, շորթող, մազոտ ոտներով ու դոշերով տաքսիստներից ազատելու մասին: Վարորդներն են դրա մասին բարձրաձայնում, բայց ոչ ոք բանի տեղ չդրեց: Իսկ հիմա, երբ իրենց պետք է գրանտային հերթական ծրագիրն իրականացնել, վարչապետը վեր է կենում և նման հայտարարություններ է անում»,- ասաց Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ որպեսզի ոլորտը արմատապես կանոնակարգվի, առաջնահերթ՝ բացի հավաքարարից, տրանսպորտի և կապի նախարարության բոլոր աշխատակիցները՝ նախարարի գլխավորությամբ, պետք է հրաժարական տան՝ որպես հին, մեռած հոգիներ:
«Նախարարը եթե ինքնասիրություն ունենար, երեկ ոստիկանապետի ասածից հետո պետք է հրաժարական տար: Նա պետք է հեռանա, նոր, բանիմաց մարդկանց ընդունեն, սուտասաններին հեռացնեն վարչապետի կողքից, լիցենզավորման նոր կարգ սահմանվի: Այ, սրանից հետո դաշտը կկանոնակարգվի, և բոլորը գոհ կմնան, ու այս խնդիրը վերջնականապես կլուծվի»,- եզրափակեց Հովհաննիսյանը:
Լուսանկարը՝ ArmLur.am-ի









































