Այսօր Սյունիքի մարզի Կապան քաղաքի օդանավակայանում առաջին օդանավն է փորձնական վայրէջք կատարել:
Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հրապարակելով տեսանյութ, տեղեկացրել էր Սյունիքի մարզպետի խորհրդական Ռոբերտ Հայրապետյանը՝ հավելելով, որ առաջին կանոնավոր չվերթները կլինեն շուտով: Այս տեսանյութը մեծ արձագանք գտավ համացանցում, որին հաջորդեց քաղավիացիայի պարզաբանումը, որտեղ մասնավորապես ասված էր. «Ռուսաստանի Դաշնությունում գրանցված օդանավի ՌԴ քաղաքացի հանդիսացող օդաչուն ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն հայտ է ներկայացրել Կապանի ուղղությամբ մասնավոր թռիչք իրականացնելու նպատակով: Օդաչուն, հասնելով Կապանի տարածք, այն ուսումնասիրել է օդից, և վայրէջք կատարելու համար պիտանի համարելով, օդանավը նստեցրել է հարմար հրապարակում, որը հանդիսանում է Կապանի օդանավակայանի վազքուղու մի մասը: Համաձայն սահմանված կարգի՝ օդաչուն թռիչքի մասին տեղեկացրել է օդային երթևեկության կառավարման մարմիններին: Օդանավում է գտնվել նաև ՀՀ-ի բոլոր օդանավակայաններում բազմիցս թռիչքներ իրականացրած ՀՀ պատվավոր օդաչու Գարուշ Նիկողոսյանը»:
Նշենք, որ Կապանի օդանավակայան վերջին անգամ թռիչք իրականացվել էր շուրջ 27 տարի առաջ:
«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ օդանավը պատկանում է Կրասնոդար քաղաքում բնակող հայազգի Սիմոն Մնոյանին, որը Կրասնոդար քաղաքում ունի իր անձնական օդանավակայանը և հանդիսանում է «ՍԻՄ» ավիաընկերության հիմնադիրը և ամերիկյան «Փայփեր» ինքնաթիռների պաշտոնական ներկայացուցիչը Ռուսաստանի Դաշնությունում: Հենց նա էլ Հայաստանում այսօր փորձնական թռիչք կատարեց՝ հույս ունենալով զարգացնել փոքր ավիացիան Հայաստանում:







































