Մամուլը գրում է, որ Բելառուսում թմրանյութերի կասկածանքով, այլ խոսքով` «բառիգության» հոդվածով ձերբակալվել է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Մուրադ Մուրադյանի որդին: Մեր պաշտոնյաների որդիների դաստիարակության, քրեական «կայացվածության» մասին շատ ենք խոսել ու, թերևս, այլևս որևէ նոր փաստ չի զարմացնի մեր ընթերցողներին: Երիտասարդները մեծանում են իրենց հայրերի քրեական միջավայրում` ամենաթողության և զոռբայության մթնոլորտում: Հեռու չգնանք` հենց այսօր, Հրազդանի քաղաքապետի անչափահաս որդին, հորը կցված պետական մեքենայով, մահվան ելքով վրաերթի է ենթարկել իր համաքաղաքացուն: Այստեղ են ասել` խեղճ հրազդանցիները չխերվեցին Արամ Դանիելյանի երկարամյա կառավարումից` քիչ էր, մահ էլ տեսան նրա անչափահաս որդու չափազանց «ինքնավստահ» պահվածքի հետևանքով: Արամ Դանիելյանը գուցե իր որդու հարցը լուծի, հաջողացնի տուժողների, քննիչների ու դատավորի բերանը փակել ու տղային մի քանի ամսից ազատի արդարադատության ձեռքից: Մուրադ Մուրադյանին դա անել չի հաջողվել` չնայած դեպքը տեղի է ունեցել իշխանության էլիտայի համար հոգեհարազատ ԵՏՄ տարածքում, որտեղ, մեղմ ասած, օրենքը չի աշխատում և արդարադատոյթյան ողնաշարը «կրծում» են փողն ու «վերևի» զանգը:
Մուրադ Մուրադյանն, անշուշտ, փող ունի ու շատ: Նա ամեն ինչ արած կլինի, որ փողով որդուն ազատած լինի: Բացի հայրական բնական զգացմունքից` այստեղ մեկ այլ հանգամանք էլ կա. Մուրադյանը կցանկանար օր առաջ «ջրել» այս տհաճ պատմությունը, որպեսզի որդուն ազատեր «բառիգի» կերպարից: Չի կարողացել: Մուրադյանը հաստատ գործին խառնած կլինի նաև պետական կապեր, մի խոսքով` բանը հասած կլինի «դիվանբաշուն»` Լուկաշենկոյին: Ու այս հանգամանքն էլ չի օգնել, որովհետև Հայաստան բառը Լուկաշենկոյի մոտ ակնհայտորեն տհաճ ասոցացիա է առաջացնում ու չի էլ բացառվում, որ Բատկան հրահանգել է` խստագույնս պատժել հայ պատգամավորի որդուն:
ԵՏՄ-ում միայն մենք ենք տրվում` ինքնամոռաց փողոցայինի մոլուցքով, մյուսները ԵՏՄ-ն հիշում են, երբ Պուտինից փող ուզելու անհրաժեշտություն է լինում: