Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը նախօրեին մերժել է անցած տարի նախագահական նստավայրի դիմաց բանակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողների հայցը ընդդեմ իրենց նկատմամբ ուժ գործադրած ոստկանների: Սևազգեստ մայրերը դիմել էին դատարան պահանջով, որպեսզի ոստիկանների գործողությունները համարվեն ոչ իրավաչափ: Դատարանը, սակայն, մերժելով հայցը, ըստ էության, համարել է, որ ոստիկանական գործողությունները եղել են իրավաչափ:
Հիշեցնենք, որ անցած տարի նախագահական նստավայրի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ, երբ սևազգեստ մայրերը ցանկացել էին ակցիան շարունակել հենց նախագահականի մայթին, կանգնել Բ26-ի դիմաց, ոստիկաններն ուժ գործադրելով, գետնով քարշ տալով, ոտքերից ու ձեռքերից բռնած, ծնողներին հեռացրել էին նախագահականի մայթից:
Սևազգեստ մայրերի շահերը դատարանում ներկայացրած փաստաբան Ռոբերտ Ռևազյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ իրենք անպայման բողոքարկելու են դատարանի վճիռը: Բացի այդ, նրա խոսքերով՝ դատավարության ամբողջ ընթացում ապացուցվել է, որ ոստիկանները ուժ են գործադրել, դրա մասին կան փաստող տեսանյութեր: «Ամբողջ դատավարության ժամանակ կասկածի տեղիք չկար անգամ, որ ոստիկանական գործողությունները եղել են ոչ իրավաչափ, հակափաստարկներ չեն հնչել: Այս գործով կար նաև Մարդու իրավունքների պաշտպանի եզրակացութունը, որտեղ նշված էր, որ մի քանի ոստիկան նկատողություն էին ստացել, որ կոռեկտ չէին վերաբերվել ծնողներին: Բայց այսքանից հետո մեր հայցադիմումը մերժվեց»,- ասաց փաստաբանը՝ հավելելով, որ իր համոզմամբ՝ այսքան ապացույցների պարագայում իրենց պահանջը մերժվեց, քանի որ քաղաքական ենթատեքստ կա: «Հայցը մերժվեց միայն այն պատճառով, որ դեպքը տեղի էր ունեցել Բաղրամյան 26-ի դիմաց: Ես վստահ եմ, եթե նույն բանը տեղի ունեցած լիներ քաղաքի որեւէ այլ հատվածում, մեր հայցը կբավարարվեր և ոստիկանական գործողությունները կհամարվեին ոչ իրավաչափ»,- նկատեց Ռևազյանը:
Զոհված զինծառայողների ծնողներից Գոհար Օհանջանյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ դատարանի վճռում բացարձակ իրավաչափ որեւէ բան չկա: «Վովա Գասպարյանն ու Սերժ Սարգսյանն են, ոնց ուզո մ են, էնպես էլ անում են: Ինչի մասին է խոսքը: Ինչ կարելի է ակնկալել»,- ասաց տիկին Օհանջանյանը: Նրա խոսքերով՝ երբ իր որդուն սպանել են, դեպքից յոթ օր անց իր ամուսինը պահանջել է որդու շորերը, և գրպանից հայրը աննկատ վերցրել է մի ծխամորճ ու մի սրբապատկեր: «Ամուսինս դրանք աննկատ վերցրել էր՝ այդ ծխամորճն ու սրբապատկերը, բայց այսօր մենք պահանջել ենք, որ մեզ տրամադրեն մեր որդու գրպանի եղած իրերը, մեզ տվել են մի ծխամորճ և մեկ այլ սրբապատկեր, այն դեպքում, երբ ամուսինս դրանք արդեն վերցրել էր տղայիս գրպանից: Էլ դրանցից ինչ ակնկալել, ինչ ապասել: Աղվան Հովսեփյանն իր քննիչներին միայն նկարչություն է սովորեցնում»,- նկատեց տիկին Օհանջանյանը՝ հավելելով, որ իրենք գնալու են մինչև վերջ՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարան:







































