Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ուսանողների հետ հանդիպմանը հայտարարել է, որ առանց Ռուսաստանի Հայաստանի համար դժվար կլինի ապահովել իր անվտանգությունը, երբ մենք ունենք Ադրբեջանի և Թուրքիայի նման հարևաններ, երբ Ադրբեջանն իր սպառազինությունն ավելի ու ավելի հարձակողական է դարձնում:
Որ Հայաստանի համար անվտանգության միայնակ ապահովումը դժվար կլինի՝ անհերքելի է, սակայն հարցն այն է, թե ինչքանով է Հայաստանն իր անվտանգությունը մեծացնում Ռուսաստանի օգնությամբ: Այստեղ, ահա, իրավիճակը, մեղմ ասած, հարաբերական է: Ի մասնավորի՝ իսկ ինչպե՞ս, ո՞ւմ օգնությամբ է Ադրբեջանի սպառազինությունը դառնում հարձակողական: Իսկ ո՞վ է Ադրբեջանի սպառազինության ամենախոշոր մատակարարը: Ո՞վ է Ադրբեջանի հետ սպառազինության անխռով բիզնեսով զբաղվում: Ո՞վ է Ադրբեջանին զանգվածային ոչնչացման զենք վաճառում՝ վտանգի տակ դնելով Արցախի ու Հայաստանի սահմանամերձ գյուղերի խաղաղ բնակչությանը: Իսկ ո՞վ է Ադրբեջանին՝ Հայաստանին սպառնացող երկրին, ռազմավարական գործընկեր հռչակում՝ լինելով Հայաստանի անվտանգության երաշխավոր և դաշնակից: Այս բոլոր հարցերն ունեն մեկ պատասխան՝ Ռուսաստանը: Եվ այս պայմաններում խոսել այն մասին, որ Հայաստանը Ռուսաստանի օգնությամբ իր անվտանգությունն է ապահովում, մեղմ ասած, հարաբերական է, եթե ոչ միանգամայն կոնկրետ. Հայաստանը Ռուսաստանի «օգնությամբ» ընդամենը սահմանափակում է անվտանգություն ապահովելու իր հնարավորությունները:
Անվտանգություն ապահովելը նշանակում է ունենալ ընտրության հնարավորություն: Հայաստանն ունի՞ ընտրության հնարավորություն: Ռուսաստանը Հայաստանին թողնո՞իմ է ընտրության հնարավորություն: Սա բոլորովին չի նշանակում, որ Հայաստանը պետք է խզի կապերը Ռուսաստանի հետ, հրաժարվի այն ռազմա-տեխնիկական պայմանավորվածություններից, որ ունի: Սա նշանակում է ընդամենը, որ Հայաստանում պետք է դադարել պետական մակարդակով հասարակության ուղեղները լվանալու փորձերից և Ռուսաստանը չներկայացնել մեր անվտանգության երաշխավոր՝ հասարակության մեջ խորացնելով այն ստերեոտիպերը, որ աշխարհում բոլորը կա՛մ մեր թշնամին են, կա՛մ անտարբեր են մեր հանդեպ, իսկ ահա Ռուսաստանը միակ պաշտպանն է, ինչ էլ որ լինի: Իրականում, նման մտայնությունների հետևողական խորացումը հասարակական շերտերում ուղղակի հարված է Հայաստանի անվտանգությանը, քանի որ ջլատում է հասարակական կամքն ու կաթվածահար անում գիտակցությունը: Հայաստանն անվտանգ է այն դեպքում, երբ կունենա ընտրության հնարավորություն, երբ հնարավորություն կունենա լիարժեքորեն դիվերսիֆիկացնել իր անվտանգության հետ կապված հարաբերությունները և երաշխավորների փոխարեն կունենա գործընկերներ:
Հայաստանի անվտանգության երաշխավոր չի կարող լինել կոնկրետ երկիր: Հայաստանն այդ աշխարհագրական դիրքում և տնտեսա-քաղաքական իրավիճակում չէ: Հայաստանի անվտանգության երաշխավորությունը կլինի գործընկերների ընտրության հնարավորությունը: Իսկ դա էլ իր հերթին որակական արդյունք կտա այդ հնարավորությունն օգտագործելու պարագայում: Այստեղ արդեն գալիս ենք ներքին իրավիճակին: Այսինքն՝ Հայաստանում ընտրության հնարավորություն պետք է լինի նաև ներքին հասարակական-քաղաքական իրավիճակում, ասել է թե՝ չպետք է լինեն ընդդիմադիր և իշխանական քաղաքական մոնոպոլիաներ, չպետք է լինի պալատական տնտեսություն՝ մենաշնորհներով և օլիգարխներով, քրեական տարրերով կեղծվող ընտրություններ: Այդ դեպքում էլ Հայաստանը կկարողանա արդյունավետորեն օգտագործել անվտանգության գործընկերների արտաքին ընտրության հնարավորությունները: Այսօր, սակայն, մեր անվտանգության երաշխավորի գործուն աջակցությամբ Հայաստանն ընտրության հնարավորությունից զուրկ է և՛ դրսում, և՛ ներսում: Նման երկիրը անվտանգ չի լինում:











































