Կլիմայի վերաբերյալ Փարիզյան համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալը վկայում է այդ երկրի անպատասխանատվության մասին: TASS-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Ղասեմին:
«Կլիմայի վերաբերյալ Փարիզյան համաձայնագրից դուրս գալը վկայում է համաշխարհային հանրության առաջ ԱՄՆ-ի որևէ պատասխանատվության բացակայության մասին: Այդ գործողությունը կհանգեցնի ԱՄՆ-ի ավելի շատ մեկուսացման, որն առանց այն էլ օր օրի աճում է»,- ասել է իրանցի դիվանագետը:
Նա «բացարձակ անընդունելի» է անվանել «ըստ համաձայնագրի պարտավորությունների չկատարումը պետության կողմից, որը երկրորդ տեղում է աշխարհում ջերմոցային գազերի արտանետման մակարդակով և մթնոլորտի գլխավոր աղտոտողներից մեկն է»:
«Համաշխարհային հանրությունը պետք է ամերիկյան վարչակազմին հարկադրի խստորեն կատարել ԱՄՆ միջազգային պարտավորությունները Փարիզյան համաձայնագրի համաձայն»,- ասել է Ղասեմին:
Հինգշաբթի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է կլիմայի վերաբերյալ 2015 թ. դեկտեմբերի 12-ին ընդունված Փարիզյան համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալու մասին:










































