Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը փորձարկումներ կանի Սենթ Քիթս և Նևիսի դեմ ընկերական խաղում:
«Նախնական պայմանավորվածություն ունեինք մի քանի ուժեղ թիմերի հետ, որը չստացվեց: Մենք մեր համաձայնությունը տվեցինք Սենթ Քիթս և Նևիսի հետ խաղին, քանի որ մեզ օդի և ջրի պես հարկավոր էր այդ հանդիպումը: Մեր ֆուտբոլիստներից մի քանիսի մոտ 40 օր խաղային պրակտիկայի պակաս կար: Հենց այդ տեսանկյունից շատ կարևոր հանդիպում է: Հուսով եմ տղաները լավ տրամադրվածությամբ կմտնեն խաղադաշտ: Այս ընկերական խաղում անպայման փորձարկումներ կլինեն: 100 տոկոսով կարող եմ ասել, որ վաղն այն կազմը չի լինի, որով կմրցենք Մոնտենոգրոյի հետ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Պետրոսյանը:
Խոսելով Մխիթարյանի մասին՝ մասնագետը փաստեց, որ Մխիթարյանը կմասնակցի խաղին, սակայն հստակ չի որոշել, թե որքան ժամանակ կանցկացնի խաղադաշտում:
«Այս խաղով 100 տոկոսով չենք պատրաստվում Մոնտենեգրոյի դեմ խաղին, բայց մենք ունենք մեր խնդիրները: Իսկ ինչ կապված է Յուրչենկոյի չգալու հետ, ապա մեր խնդիրները չեն ավելանում նրա բացակայության պայմաններում»,-շեշտեց Պետրոսյանը:
Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմը հունիսի 3-ին Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կմրցի Սենթ Քիթս և Նևիսի դեմ: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին:






































