ՌԴ-ն Հայաստանում այս տարի իրականացրել է ընդամենը 4,7 մլրդ դրամի ներդրում, ինչը 1,3 մլրդ դրամով պակաս է 2016թ. առաջին եռամսյակի ցուցանիշից, իսկ ահա ԵՄ անդամ երկրներից մի քանիսն էլ պարզապես Հայաստանից հանել են իրենց կապիտալը:
Երբ այս թվերը համադրում ենք այն խոստումների հետ, որ Կարեն Կարապետյանը տալիս էր քարոզարշավի ժամանակ, առաջանում է կոնտրաստի ակնհայտ տպավորություն: Ստացվում է՝ քարոզարշավի ժամանակ վարչապետը զբաղված է եղել էժանագին պոպուլիզմով, և նրա հայտարարությունների լրջությունը համեմատելի է օլիգարխի խոստումների հետ, որ Հայաստան է մտցնելու 15 միլիարդ դոլար:
Ի վերջո, Գագիկ Ծառուկյանը կարող է արդարանալ ու նույնիսկ 15 միլիարդի իր խոստումը խնամքով պահել հաջորդ ընտրությունների համար, որովհետև նա վարչապետի պաշտոն չի ստացել: Իսկ Կարեն Կարապետյանը ոչ միայն վարչապետ է, այլ նաև ամբողջական իշխանությունը ստանձնելու հայտ է ներկայացրել և պարտավոր է բացատրել, թե ինչու ոչ միայն չի ապահովում խոստացած երեք միլիարդանոց ներդրումը, այլև նույնիսկ ռուսական ներդրումները պակասել են նախորդ տարվա համեմատ: Եթե Կարապետյանը պոպուլիզմով չի զբաղվել, ապա մնում է ենթադրել, որ տողատակով նշել է այն գումարը, որը պատրաստվում է «վճարել» Հայաստանի իշխանությունը փաթեթով «գնելու» համար:
Այստեղ էլ պայթում է այն միֆը, թե Կարապետյանը ռուսների «մարդն» է, որովհետև, ինչպես տեսնում ենք, Մոսկվայում մտադիր չեն նրա իշխանության համար վճարել: Գոնե այնքան, ինչքան վճարել են Հովիկ Աբրահամյանի կառավարության կայունության համար: Մոսկվան «արցունքներին» չի հավատում և իր չունեցած միլիարդներից երեքը հաստատ հենց այնպես քամուն չի տա մի մարդու համար, ով վախվորած ընդամենն ակնարկում է իր քաղաքական հավակնությունների մասին: Մյուս կողմից՝ Մոսկվայում շոկի մեջ են ամերիկյան ութ միլիարդ դոլարի ներդրման հեռանկարից և, հավանաբար, կարծում են, թե Հայաստանին սիրաշահելու այլ մեթոդ է պետք գտնել:
Իսկ այն, որ եվրոպացիներն իրենց կապիտալը հանում են Հայաստանից՝ նույնիսկ կանխատեսելի ու բացատրելի է, որովհետև կոռուպցիայի ծավալը ոչ միայն չի կրճատվել, այլև մեծացել է որակապես՝ հատկապես ընտրական գործընթացի ժամանակ: Եթե Բրյուսելում խոսում են Հայաստանում քաղաքական կոռուպցիայի, բուրգի առկայության մասին, ապա Հայաստանի տնտեսության մեջ անիմաստ է ակնկալել եվրոպական փողեր:
Եվրոպացիները մեր հասարակությունից մի քիչ ավելի վաղ են հասկացել, որ Կարապետյանի հակակոռուպցիոն ու հակամենաշնորհային խոստումները ոչ թե միտված են իրավիճակի իրական և որակական փոփոխությանը, այլ ընդամենը ֆոն, տպավորություն են ստեղծում: Պատահական չէ, որ վարչապետության ընթացքում Կարապետյանը չի հյուրընկալվել եվրոպական որևէ մայրաքաղաքում: Սա խոսում է այն մասին, որ արտերկրում ոչ ոք լուրջ չի ընկալել իշխանության ժառանգորդը լինելու նրա հեռանկարը:
Թե Արևմուտքում, թե Ռուսաստանում ներդրում չեն անի այն ծրագրերի վրա, որոնք, ըստ էության, հեռանկարային չեն և ներկայացված են ժամանակավոր մի կառավարության կողմից:
Մյուս կողմից՝ պրոբլեմը ոչ միայն Կարապետյանինն է, այլև ամբողջ համակարգինը, որն իր այսօրվա անորակությամբ չի կարող ակնկալել զարգացման ռեսուրս ունեցող վարկեր՝ մնալով «յոլա գնացողի» ռեժիմում և մի քանի կոպեկ «քերելով» մոսկվաներում ու կատարներում:






































