«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀԱԿ վարչության անդամ, նախկին քաղբանտարկյալ Գրիգոր Ոսկերչյանը։

– Պարոն Ոսկերչյան, ինչպե՞ս եք գնահատում ընտրական ցիկլի ավարտը Հայաստանում և հետընտրական իրավիճակն առհասարակ։ Արդյոք հասարակությունը կսպասի՞ ևս 5 տարի՝ մինչև հերթական ընտրությունները, թե՞ հնարավոր են ֆորս-մաժորներ։
– Հուսադրող շատ բան չեմ կարող ասել, իրավիճակը ճահճային է։ Կարծում եմ՝ մոտակա ժամանակահատվածում ֆորս-մաժորներ չեն լինի, եթե, իհարկե, չլինեն արտաքին ազդակներ։ Այս ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, որ մարդիկ մեծամասամբ հույս չեն կապում երկրի ապագայի հետ և քվեարկել են ոչ թե ՀՀԿ-ի ծրագրերի օգտին, այլ դա եղել է մասամբ պարտադրված, մասամբ հուսահատական քվեարկություն։ Ես նախընտրական շրջանում շատ մարդկանց եմ հանդիպել, որոնք ճամպրուկային տրամադրություն ունեին և պատրաստվում էին արտագաղթել։ Եվ նույնիսկ այդ մարդիկ գնացին քվեարկեցին այն մարդկանց կամ ուժի օգտին, ումից անընդհատ բողոքել են, և ինչի պատճառով էլ պատրաստվում էին արտագաղթել։ Այլ կերպ ասած՝ կարելի է արձանագրել, որ մեզանում հաղթեց արխայիկան։ Ընտրությունների արդյունքը Հայաստանում իրավիճակի պահպանմանն օգտին է, իսկ պարտվեցին փոփոխությունների և առաջադիմության ձգտող մարդիկ։ Փաստորեն դա ստատուս քվոյի օգտին քվեարկություն էր։
– Ասացիք՝ ֆորս-մաժորներ հնարավոր են, եթե լինեն արտաքին ազդակներ։ Դա կարո՞ղ է լինել Ղարաբաղյան հիմնահարցը։ Այսինքն՝ հասունանա մի այնպիսի պահ, որ «Տարածքների փոխզիջում՝ կարգավիճակի դիմաց» տարբերակը կյանքի կոչվի։ Գիտեք, որ հասարակության մի մասը սա չի ընդունում, և առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը նախընտրական շրջանում շատերի կողմից հենց այս հարցով քննադատության արժանացավ։
– Արտաքին ազդակ ասելով՝ նկատի ունեի նախևառաջ հնարավոր Ղարաբաղյան նոր պատերազմը, սակայն չեն բացառվում նաև այլ ազդակներ։ Ինչ վերաբերում է Լևոն Տեր-Պետրոսյանին քննադատելուն, համաձայն լինել-չլինելուն, ապա պետք է զարմանանք, թե ինչու խորհրդարանում Սերժ Սարգսյանի ելույթին որևիցե մեկը չընդդիմացավ, որևէ կուսակցություն ի նշան անհամաձայնության չթողեց և դուրս չեկավ խորհրդարանի նիստից։ Չէ՞ որ նա խոսում էր շրջաններ հանձնելու մասին։
– Եվ նույնիսկ Դաշնակցությունը, որը այդ հարցի շուրջ քննադատում էր Տեր-Պետրոսյանին։
– Այո՛, նույնիսկ Դաշնակցությունը։ Փրփուրը բերաններին դատապարտում էին Տեր-Պետրոսյանին ու ՀԱԿ-ի մոտեցումները, իսկ խորհրդարանում խելոք նստեցին ու լսեցին շրջանները հանձնելու պատրաստակամության մասին։ Ո՛չ հասարակական ըմբոստություն կա, ոչ էլ քաղաքական։ Եթե այսօր Սերժ Սարգսյանը իրականացնի այդ ծրագիրը, չի երևում այնպիսի տրամադրություններով հասարակություն, որ պետք է ըմբոստանա դրա դեմ։ Նույնիսկ Ղարաբաղյան նախկին ղեկավարության ներկայացուցիչները, որոնք 1998-ի սկզբին պաշտոնապես ներկայացրել էին իրենց համար միակ ընդունելի և իրագործելի 8000 քկմ տարածքով անկախ Ղարաբաղի նախագիծը, ծպտուն չհանեցին։ Նախագահը խորհրդարանի առաջին նիստում իր ծրագրային ելույթում հայտարարում է այդպիսի պատրաստակամության մասին, դուք նկատե՞լ եք, որ ըմբոստություն լինի։ Համենայնդեպս, ես չեմ նկատել։ Կարելի է ենթադրել, որ քննադատությունը ուղղված էր առավելապես Լևոն Տեր-Պետրոսյանի դեմ, ոչ թե իր արտահայտած մտքերի, և ուներ զուտ սև քարոզչական բնույթ, կամ էլ Սերժ Սարգսյանի այդ խոսքերը լուրջ չեն ընդունվել։
– Որպես արտախորհրդարանական ուժ՝ Կոնգրեսի առաջիկա անելիքները որո՞նք են լինելու։ Օրինակ՝ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարում է, որ անհրաժեշտ է արտախորհրդարանական հզոր բևեռ ստեղծել, արդյոք տեսնո՞ւմ եք համագործակցության եզրեր։
– Գիտեք, ես նման շատ հայտարարություններ եմ լսել, չեմ էլ ուզում որևէ մեկին վիրավորած լինել։ Թող հզոր լուրջ կուսակցություն ստեղծեն, այդ ժամանակ էլ կքննարկենք, թե ինչպես է հնարավոր գործակցել։
– Իսկ ՀԱԿ-ի անելիքներն առաջիկա 5 տարիների ընթացքում որո՞նք են լինելու։
– Տակտիկական իմաստով դեռևս մեր քայլերը չենք հստակեցրել։ Իսկ ընդհանուր առմամբ նպատակը մնում է նույնը՝ խաղաղության ծրագիրը և ապագային միտված ծրագրերի շուրջ հանրության համախմբումը։ Այդ մոտեցումները մեզ համար զուտ նախընտրական չէին՝ Ղարաբաղյան հակամարտության չկարգավորվածությունը և ստատուս քվոյի պահպանման գինը ազդում են մեր կյանքի բոլոր ոլորտների և ծրագրերի վրա։
Ես համարում եմ, որ առկա ստատուս քվոն նախևառաջ վնասակար է Հայաստանի պետությանը, հայ ժողովրդին։ Եթե նույնիսկ այդ ստատուս քվոն ընդունելի լինի ԱՄՆ-ին, Ռուսաստանին, Եվրոպային և Ադրբեջանին, մեզ համար այս իրավիճակը անընդունելի է և կործանարար։ Ադրբեջանին ձեռնտու է՝ ակնհայտորեն ժամանակը խոշոր հաշվով իրենց օգտին է աշխատում, եթե այսկերպ շարունակվի։ Իրենք կարող են ևս 10-20 տարի այսպես շարունակել, և իրենց առավելությունները գնալով ավելի տեսանելի կդառնան մեր շարունակական ճահճացման ֆոնին։ Մեր գլխավոր առավելությունը ավելի առաջադիմական լինելն էր, համաշխարհային զարգացումների ընկալունակությունն էր, մարդկային զարգացման բարձր չափանիշները։ Հատկություններ, որոնք մեր իշխանությունները, էլիտան, խրախուսելու փոխարեն, հանուն իրենց իշխող դիրքի հարատևման ժողովրդին մղեցին դեպի արխայիկ մտածողություն, որտեղ «ոչ մի թիզ հողը» դառնում է առաջնային ազգի ու ժամանակակից պետության գլխավոր ու կարևորագույն խնդիրների նկատմամբ, իսկ կորցնելով մեր առավելությունները՝ այլ չափանիշներով մենք ոչ մի առավելություն չունենք մեր հարևան հակառակորդների նկատմամբ։ Ստատուս քվոյի պահպանումը գերխնդիր ունենալով՝ մենք 20 տարի կորցրել ենք ու ամեն օր հետ ենք ընկնում համաշխարհային զարգացումներից, և տարբերությունն այնքան է մեծանում, որ ապագայում նույնիսկ այս հարցի ամենաբարեհաջող ավարտի դեպքում այնքան հետ մնացած կլինենք, որ որպես պետություն որևիցե դեր չենք ունենա համաշխարհային զարգացումներում, և նույնիսկ ազգապահպանության իմաստով Հայաստանը կկորցնի իր կարևոր դերակատարումը՝ իր թուլության ու հետամնացության պատճառով։
Մնացածը զուտ «ուռա» հայրենասիրական ճառեր են, որոնցով կշարունակեն կերակրել մարդկանց։
– Այսինքն՝ ամփոփելով՝ կարո՞ղ ենք ասել, որ առաջիկայում հիմնական շեշտը Կոնգրեսը դնելու է այդ ծրագիրը ժողովրդին ներկայացնելու և հասցնելու վրա։
– Թեպետ մենք համարում ենք, որ Հայաստանի համար օբյեկտիվորեն առկա իրավիճակում «խաղաղության ծրագրի» իրականացումը անհրաժեշտ պայման է երկրի տնտեսության առաջանցիկ զարգացում ունենալու, դեմոկրատական ժամանակակից պետություն կառուցելու, արտագաղթը դադարեցնելու և այլ գերխնդիրներ լուծելու համար, սակայն մեր օրակարգը չի սպառվում դրանով, անկասկած՝ սրանից ածանցյալ օրակարգ կծագի, կյանքը և իրավիճակը նոր խնդիրներ կառաջադրեն, և չմոռանանք, որ ավազակապետության կազմաքանդումը մնում է մեր օրակարգում։










































