Սիրիայի երկինքը կարող է վերածվել գլոբալ ահաբեկչության դեմ մարտի դաշտի. ԱՄՆ-ը պատրաստում է «Ալ-Քաիդա»-ի առաջնորդներին անօդաչուների օգնությամբ ոչնչացնելու ծրագիր: Այս մասին հաղորդում է գերմանական Bild թերթը՝ վկայակոչելով ամերիկյան հատուկ ծառայություններում իր աղբյուրներին:
Պարբերականի տվյալներով՝ Կենտրոնական հետախուզական վարչությունը մշակում է մարտական անօդաչուների կիրառմամբ ահաբեկիչներին ոչնչացնելու հնարավորությունը՝ թույլ չտալու համար, որպեսզի ՆԱՏՕ-ի սահմանների մոտ ստեղծվի «միջերկրածովյան Սոմալի»:
Այժմ ԿՀՎ-ի վերլուծաբանները հետապնդում են գրոհայինների ղեկավարներին և տվյալներ են հավաքում նրանց մասին՝ անուններ, կեղծանուններ, հեռախոսահամարներ, էլեկտրոնային փոստի հասցեներ: Ինչպես նշում է պարբերականը, վերջին ամիսներին Սիրիայի հյուսիսում լրջորեն իր դիրքերն է ամրապնել «Իսլամական հանրապետություն Իրաքում և Սիրիայում» խմբավորումը, որի հազարավոր կողմնակիցներ կռվել են ամերիկացիների դեմ իրաքյան պատերազմի ժամանակ: Խմբավորման գրոհայինների մեծ մասը տարածաշրջան են եկել Սաուդյան Արաբիայից, Հյուսիսային Աֆրիկայից և Չեչնիայից:
Բրիտանական IHS Jane’s ընկերության հետազոտության համաձայն, որին հղում է անում Bild-ը, սիրիացի 100 հազար ապստամբներից յուրաքանչյուր տասներորդը կռվում է «Ալ-Քաիդա»-ի հետ կապված խմբավորումներում, իսկ նրանցից 30-35 հազարը ծայրահեղ իսլամիստներ են:
«Վերջին ամիսներին մենք նկատում ենք «Ալ-Քաիդա»-ի բարձրաստիճան հրամանատարների հոսք դեպի Սիրիա: Նրանք այս երկիր են փոխանցում խոշոր գումարներ, ինչը վկայում է, որ նրանք ցանկանում են հիմնավորվել այդտեղ»,- մեջբերում է թերթը ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների աշխատակցին:
ԿՀՎ-ի ծրագրի համաձայն՝ սկզբում ստեղծվելու է հնարավոր հարձակման թիրախների ցուցակ, և մինչև որոշակի պահ դրանք կգտնվեն հսկողության տակ:
Պարբերականը նշում է, որ ամերիկյան անօդաչուները՝ Hellfire հրթիռներով, տեղակայված են Թուրքիայում՝ թուրք-սիրիական սահմանից մոտ 300 կմ հեռավորության վրա: Դեռևս հայտնի չէ՝ արդյոք Հորդանանում նույնպե՞ս կան մարտական անօդաչու սարքեր, որոնք պատրաստ են օգտագործման:








































