Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմնակիցները սոցիալական ցանցերում աշխատելու համար Անկարայում հատուկ թրեյնինգներ են անցնում: Իշխող կուսակցությունը երիտասարդներին դուրս է բերում քաղաքական հակառակորդների դեմ պայքարի, որոնք ակտիվորեն աշխատում են Facebook-ում ու Twitter-ում:
Սեմինարների ժամանակ, որոնք անցկացնում են «Արդարություն և զարգացում» կուսակցության ներկայացուցիչները, Էրդողանի երիտասարդ կողմնակիցներին սովորեցնում են աշխատել Twitter, Facebook և Instagram սոցցանցերում: Կուրսերն ավարտողները դառնում են 6000 հոգանոց «հասարակական թիմի» անդամներ, ովքեր ցանցում կտեղադրեն տեղեկություններ թուրքական կառավարության գործունեության մասին:
«Մենք ցանկանում ենք մշակել քաղաքական կյանքի նոր, դրական լեզու: Մենք սովորեցնում ենք այդ լեզուն մեր կամավորներին: Նրանք կուղղեն մեր հակառակորդների ճամբարի սխալ հաղորդագրությունը ճշմարիտ տեղեկատվության և դրական հայտարարությունների օգնությամբ»,- ասվում է Էրդողանի կուսակցության պաշտոնական հայտարարության մեջ, որը մեջբերում է The Wall Street Journal-ը:
Թուրքական իշխանությունները երկար ժամանակ չէին նկատում սոցիալական ցանցերը, սակայն նրանք համացանցի մասին հիշեցին այն բանից հետո, երբ Ստամբուլում և Թուրքիայի այլ քաղաքներում հակակառավարական ցույցեր սկսվեցին: