Մեր երկրի պետականությունն ու անկախությունը վտանգի տակ են: Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը` հավելելով, որ քանի դեռ ուշ չէ, պետք է առկա խնդիրների լուծումներ գտնել:
«Բոլորն էլ գիտեն, որ այսպես շարունակել չենք կարող: Միասին գործելու ժամանակն է: Սեպտեմբերի 20-ին լինելու է համազգային բողոք` հանուն ՀՀ անկախության: Այնտեղ լինելու են երիտասարդներ, քաղաքական գործիչներ, ակտիվիստներ, ովքեր մտահոգ են մեր երկրի ինքնիշխանությամբ և անկախությամբ:
Ինչպես ես, այնպես էլ ժողովուրդը կարծում է, որ այս իշխանությունն ապօրինի է, օրենքից դուրս: Ամենուրեք թալան է, օֆշոր` նախագահականից մինչև խորհրդարան: Մեր ինքնիշխանությունը դնելով նժարի վրա` Սերժ Սարգսյանը միանձնյա հայտարարում է, որ Հայաստանը ցանկանում է միանալ Մաքսային միությանը: Սա անթույլատրելի է: Շատ լավ է, որ պրն Ֆյուլեն գալիս և խոսում է ոստիկանների բռնարարքների մասին, բայց լավ կլիներ, որ նման պաշտոնյաները խոսեին ՀՀ ինքնիշխանության վերագտնման մասին»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Ժառանգություն» կուսակցության ղեկավարի խոսքով՝ նա, ով Հայաստանին հրավիրում է տնտեսական համագործակցության, չպետք է մոռանա նաև ԼՂՀ-ի գործոնը: «ՀՀ դրական վերաբերմունքին արժանի է այն կառույցը, որը հաշվի կառնի մեր երկրի տնտեսական և քաղաքական շահերը: Հայաստանյան ապօրինի իշխանությունների մեղքն է, որ Ռուսաստանը ճնշումների գնով նրան մտցնում է Մաքսային միություն: Հայաստանը ստիպված է գնում ռուսական ուղղությամբ, մինչդեռ եվրոպական ուղղությունն ավելի է համապատասխանում Հայաստանի ինքնությանն ու էությանը»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Ամփոփելով` քաղաքական գործիչը շեշտեց, որ հայ-թուրքական արձանագրությունները բերած իշխանությունն այս անգամ էլ, թքած ունենալով ժողովրդի կարծիքի վրա, հիմա էլ բերեց Մաքսային միությանն անդամակցելու մասին փաստաթուղթը:
«Կառավարության մեջ ոչ մի նախարար, ՀՀԿ խորհրդից ոչ մի անդամ չի խոսել այս մասին` ասելով, որ սա հակասում է նժդեհականությանը»:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի










































