Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամմադ Մուրսին արդար դատաքննության իրավունք ունի, և նրա այդ իրավունքը պահպանվում է: Այս մասին Russia Today հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է Եգիպտոսի արտգործնախարար Նաբիլ Ֆահմին:
«Մուրսին ընտրվել է ժողովրդավարական ընտրությունների արդյունքում, սակայն նա ղեկավարել է ոչ ժողովրդավարական մեթոդներով: Ժողովրդավարության բնույթը կայանում է նրանում, որ երկրի բոլոր բնակիչներն իրենց զգան պետության մի մաս, դրա լիիրավ քաղաքացի, նույնիսկ եթե նրանք պատկանում են փոքրամասնությանը»,- ասել է Ֆահմին:
Արտգործնախարարի խոսքով՝ Եգիպտոսը չի հանդուրժի ոչ մի արտաքին միջամտություն իր ներքին գործերին, այդ թվում՝ ՀԱՄԱՍ-ի կողմից:
Մեկնաբանելով Սիրիայում տիրող իրավիճակը՝ Ֆահմին նշել է, որ սիրիական հակամարտության մեջ ներգրավված են ավելի շատ օտար մարդիկ, քան սիրիացիներ, և այդ մարդիկ կռվում են իդեալների համար, որոնք ոչ մի ընդհանուր բան չունեն Սիրիայի հետ:
«Մենք գործ ունենք աշխարհաքաղաքական հակամարտության հետ, որում միմյանց հետ մրցակցում են ինչպես համաշխարհային, այնպես էլ տարածաշրջանային խոշոր գերտերությունները: Իսկ էպիկենտրոնում կռվում են սիրիական տարբեր ուժեր՝ կամ ինքնուրույն, կամ նրանց ինչ-որ մեկն օգտագործում է»,- ասել է նա:









































