«Գալա-Սալվադոր Դալի» հիմնադրամը ռեկորդային չափերի հասնող գումար է վճարել իսպանացի սյուրռեալիստի նկարի համար,- գրում է El Pais-ը: Հիմնադրամը գնել է «Տեսարան՝ առեղծվածային տարրերով» նկարը 7.8 մլն եվրոյով (11.14 մլն դոլար):
Այս նկարը ստեղծվել է 1934 թ. և ունի 72.8×59.5 սմ չափեր: Նկարը գնվել է անհատից, որը ցանկացել է անհայտ մնալ: Նկարի վրա պատկերված է նիդերլանդացի նկարիչ Յան Վերմեյերի փոքրիկ պատկերը, որը նկարում է «առեղծվածային տեսարան»: Հետին պլանում Դալին պատկերել է իրեն մանուկ հասակում:
Սա հիմնադրամի արդեն երկրորդ խոշոր ձեռքբերումն է: Մարտին այն ձեռք է բերել նաև «Մեղրը քաղցր է արյունից» աշխատանքը 4.7 մլն եվրոյով: Ինչպես «Տեսարան առեղծվածային տարրերով» նկարը, այն նույնպես ցուցադրվում է Սալվադոր Դալիի Ֆիգերասում գտնվող թանգարանում:
20-րդ դարի այլ նկարիչների համեմատ, Սալվադոր Դալիի աշխատանքները աճուրդների ժամանակ վաճառվում են շատ ցածր գներով: Երկար ժամանակ նրա աշխատանքների վաճառքից ստացված գումար չի գերազանցել 10 մլն դոլարը: Այն նորացվել է միայն 2011 թ. փետրվարին, երբ Sotheby’s-ի աճուրդում Պոլ Էլյուարի դիմանկարը վաճառվեց 21.6 մլն դոլարով:








































