Ուկրաինան ակնկալում է 2015 թվականից անմիջականորեն գազ ստանալ Թուրքմենստանից: Այս մասին մամուլի ներկայացուցիչների հետ զրույցում հայտարարել է վարչապետ Նիկոլայ Ազարովը՝ փոխանցում է RBK-ն:
«Մենք շատ հետաքրքրված ենք, որպեսզի Ազատ առևտրի գոտու մասին պայմանագիրը ԱՊՀ երկրների միջև գործի ողջ ծավալով»,- նշել է Ուկրաինայի վարչապետը:
Ազարովը հիշեցրել է, որ ԱՊՀ շրջանակում ազատ առևտրի գոտու մասին պայմանագիրը միաժամանակ վավերացվել է և´ Կիևի, և´ Մոսկվայի կողմից: Նրա խոսքերով՝ փաստաթուղթն իրավահավասար հասանելիություն է բացում երկու երկրների շուկաներում ուկրաինական և ռուսական ապրանքների համար:
Պայմանագրում կա մի շատ կարևոր կետ, որը վերաբերում է ՌԴ խողովակաշարային համակարգին: «Համաձայն այդ կետի՝ մենք կարող ենք անմիջականորեն գազի մատակարարում, նավթի մղում պատվիրել Թուրքմենստանից»,- հստակեցրել է Ազարովը՝ հավելելով, որ ռուսական կողմը հետաձգել է այդ կետի՝ գործողության մեջ մտնելը, սակայն 2015-ին այն պետք է գործի:
Ուկրաինան ձգտում է նվազեցնել էներգակախվածությունը Ռուսաստանից տարբեր էներգետիկ նախագծերի իրականացմամբ, մասնավորապես՝ եվրոպական երկրների գազի հակադարձ մատակարարմամբ: Ուկրաինան քննարկում է նաև Թուրքմենստանից և Ադրբեջանից գազի գնման հնարավորությունը։
2013-ի փետրվարի 14-ին Աշխաբադ կատարած Վիկտոր Յանուկովիչի այցի շրջանակում ձեռք էին բերվել մի շարք պայմանավորվածություններ, որոնցից գլխավորը դեպի Ուկրաինա մինչև 30 մլրդ խորանարդ մետր գազի մատակարարման հարցում Թուրքիայի սկզբունքային համաձայնությունն էր: Խնդիրն այն է, որ գազը կարելի է մատակարարել միայն «Գազպրոմի»խողովակներով:







































