Վենեսուելայի մայրաքաղաքի Չակաո շրջանի ղեկավարը հայտնել է, որ շաբաթ օրը ցույցերի ժամանակ առնվազն 46 մարդ է տուժել: Այս մասին նա գրել է իր թվիթերյան էջում:
«46 վիրավոր կա: Նրանցից 30-ը վնասվածքներ ունի, 2-ը՝ այրվածքներ, 11-ը գազից էր խեղդվում, մեկ մարդ մանր հարվածներ էր ստացել, 2-ը հիպերտոնիա ունեին»,- գրել է Ռամոն Մուչաչոն:
Nacional պորտալի հաղորդմամբ՝ մարդատար ավտոմեքենան Վենեսուելայի մայրաքաղաքում վրաերթի է ենթարկել մի խումբ ցուցարարների:
Ականատեսների տեղեկությամբ՝ վարորդը, ով հետո իր մեքենայով փախել է դեպքի վայրից, առնվազն 5 մարդու վրաերթի է ենթարկել: Մեկ տուժած հիվանդանոց է հասցվել: Ի պատասխան՝ ցուցարարները հասցրել են կոտրել ավտոմեքենայի ապակիները:
Բացի դրանից՝ շաբաթ օրը Կարակասում ցույցի ժամանակ ոստիկանությունը ծեծել է Վենեսուելայի Ազգային ասամբելայի պատգամավոր Ռաֆաել Գուսմանին: Nacional-ի հաղորդմամբ՝ նա փորձել է խանգարել ցույցի անչափահաս մասնակցի ձերբակալմանը, ինչից հետո մոտ 10 իրավապահ նետվել են պատգամավորի վրա և սկսել են ծեծել իրենց սաղավարտներով ու վահաններով:
Շաբաթ օրը Վենեսուելայում անցկացվել են ընդդիմության ամենազանգվածային ցույցերը ապրիլի 4-ին բողոքի սկզբից ի վեր, ցուցարարների ընդհանուր թիվը գերազանցել է 160 000-ը:
Բողոքի զանգվածային ցույցերը սկսվել են ընդդիմադիր Ազգային ասամբլեայի իշխանությունը լրջորեն սահմանափակելու Գերագույն դատարանի որոշումից հետո: Որոշումը չեղարկվել է, բայց ընդդիմության կողմնակիցները փողոց են դուրս եկել՝ դատարանի անդամների հրաժարականը և արտահերթ ընտրությունների անցկացում պահանջելով: Հիմա նրանք բողոքում են նաև սահմանադիր ժողովի գումարման դեմ՝ դա համարելով սահմանադրությունը փոխելու փորձ: Վերջին տվյալներով՝ բողոքի ցույցերի ընթացքում զոհվածների թիվը գերազանցել է 45-ը:








































