Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը նշեց, որ բացթողման արդյունք է իրենց պատգամավորների մանդատների շուրջ ստեղծված իրավիճակը։
«Բոլորի համար էլ լավ է լինելու, արդարացի է լինելու: Բացթողում ա եղել կամ տեղեկացված չեն եղել, դրա համար ես ասացի՝ մեր խմբակցության խորհրդում կքննարկենք ու արդարացի որոշում կկայացնենք»
Լրագրողները հիշեցրին երեկվա ելույթը, որտեղ նա հայտարարել էր, որ «Ծառուկյան» դաշինքում բզբզում են, և հետաքրքրվեցին՝ ի վերջո, ովքե՞ր են բզբզում, պարզել են արդյոք, Ծառուկյանը պատասխանեց. «Քամիներ եղել են և՛ ընդեղից, և՛ ձեր միջից, և՛ ուրիշ կուսակցությունից»։
Լրագրողները պնդեցին, թե հնարավո՞ր է իշխանություններն են բզբզացողները, ԲՀԿ նախագահը պատասխանեց. «Թույլ տվեք չակերտներ չբացել»։
Հարցին, թե պառակտում կա՞ «Ծառուկյան» դաշինքում, Ծառուկյանը արձագանքեց. «Ի՞նչ պառակտում, ա՛յ ցավդ տանեմ։ Տեսե՞լ ես ըտենց բան։ Բոլորի հետ էլ աշխատելու ենք, բոլորն էլ մեր թիմակիցներն են»։
Դիտարկմանը, թե ի վերջո մանդատները վայր դնելո՞ւ են, Գագիկ Ծառուկյանը պատասխանեց. «Ա՛յ ցավդ տանեմ, կդնեն, թե չեն դնի, կտեսնեք մի քանի օրից։ Որոշակիություն կլինի մի մի քանի օրից… Կեսը շտապել են, կեսը տեղեկացված չեն եղել, կեսին էլ ես եմ ուղարկել»։
Մանրամասները՝ տեսանյութում:









































