Եգիպտացի իրավապահներն այսօր արցունքաբեր գազ են կիրառել Ալ-Մահալլա քաղաքում, որը գտնվում է Նեղոսի դելտայի կենտրոնում՝ Կահիրեից հյուսիս: Nile TV-ի փոխանցմամբ՝ ուրբաթօրյա աղոթքից հետո այնտեղ բախումներ են բռնկվել «Մուսուլման եղբայրների» կողմնակիցների և կառավարամետ կուսակցությունների ակտիվիստների միջև:
Անկարգությունների ու բախումների մասին տեղեկություններ են ստացվել նաև Դումյաթ և Ալեքսանդրիա քաղաքներից:
Գիզայում և Մադինաթ-Նասրում (Մեծ Կահիրե) իսլամիստների հանրահավաքներ են սկսվել: Անվտանգության ուժերն առավոտից արգելափակել են մայրաքաղաքի հիմնական հրապարակները: Ուրբաթ երկրի ժամանակավոր նախագահ Ադլի Մանսուրը երկու ամսով երկարացրել է երկրում պարետային ժամի գործողությունը:
Ի պատասխան՝ ազատության մեջ մնացած «Մուսուլման եղբայրների» ղեկավարության անդամ Իսամ Ալ-Արիանը Al Jazeera-ի եթերում կոչ է արել տապալված նախագահ Մուհամմադ Մուրսիի կողմնակիցներին համատարած փողոցային ելույթներ և անհնազանդության արշավ սկսել:










































