Ինչպես հայտնում է Spiegel-ը, նացիստական առաջնորդ Ռուդոլֆ Հեսսի հայտնի և այդպես էլ անբացատրելի թռիչքը պատերազմի ամենաթեժ պահին՝ 1941 թ. մայիսին, երբ նա իր անձնական ինքնաթիռով Գերմանիայից ժամանել էր Մեծ Բրիտանիա, իրականում թույլատրված էր անձամբ Ադոլֆ Հիտլերի կողմից:
Գերմանական թերթը հղում է կատարում նախկինում անհայտ մի փաստաթղթի, որը հայտնաբերել է գերմանացի մի պատմաբան Ռուսաստանի Դաշնության պետական արխիվում (ՌԴՊԱ): Խոսքը 28 էջանոց զեկույցի մասին է, որը կազմել է Հեսսի համհարզ Կարլ Հայնց Պինտշը 1948 թ.՝ սովետական գերությունում եղած տարիներին:
Պինտշի խոսքերով, Հեսսի՝ շատերի համար անսպասելի այս արարքը եղել է Մեծ Բրիտանիայի հետ նացիստների շարունակական բանակցությունների մի մասը, իսկ այդ թռիչքը համաձայնեցված է եղել անգլիացիների հետ: Փաստաթղթում նշված է, որ Հեսսի առջև առաջադրանք է դրվել, ըստ որի՝ նա պետք է եթե ոչ ամբողջությամբ Անգլիային դեմ հաներ ԽՍՀՄ-ին, ապա այնպես աներ, որ այդ երկիրը չեզոքությունը պահի:
Այնուամենայնիվ, ինչպես հայտնում է Spiegel-ը, շատ պատմաբանները կասկածում են, որ Ռուդոլֆ Հեսսը կատարել է ֆյուրերի հրամանը: Հետազոտող գիտնականների մեծ մասը կարծում է, որ Հեսսը, որը Հիտլերի տեղակալն էր Գյորինգից հետո իշխող նացիստական կուսակցությունում, անկեղծ ցանկացել է Անգլիայի հետ խաղաղության մեջ լինել, սակայն գործում էր ռիսկի դիմելով և կատարելով չմտածված քայլեր:
Ըստ պաշտոնական կարծիքի՝ Հեսսի թռիչքն իբր Հիտլերի համար անակնկալ է եղել: Նացիստական իշխանությունը երկար ժամանակ չի կարողացել բացատրել այդ իրադարձությունը: Վերջապես պաշտոնական հայտարարության մեջ ասվել է, որ Հեսսն ամենայն հավանականությամբ խելագարվել է, քանի որ որոշել է, որ Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի մեջ կարող է խաղաղության դաշինք կնքվել:







































