ԱՄՆ Սենատի հետախուզության կոմիտեում լսումներ են տեղի ունեցել 2016թ. նախագահական ընտրություններում Մոսկվայի միջամտության վերաբերյալ: Սենատոր Լինդսի Գրեմը լսումների ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանից պետք չէ որևէ լավ բան ակնկալել, երբ խոսքը ընտրությունների մասին է, հաղորդում է «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը:
Լսումներին մասնակցել են ԱՄՆ արդարադատության նախկին ղեկավար Սալի Յեյթսը, ազգային հետախուզության նախկին ղեկավար Ջեյմս Կլեպերը: Վերջինս ասել է, որ Ռուսաստանի նպատակը անցած ընտրություններին եղել է Դեմոկրատական կուսակցության թեկնածու Հիլարի Քլինթոնին վարկաբեկելը: Հետախուզության նախկին ղեկավարի կարծիքով՝ այս կերպ Կրեմլն օգնել է ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփին:
Նրա խոսքով՝ հետախուզությունը եկել է այն եզրահանգման, որ ԱՄՆ նախագահական ընտրություններում Ռուսաստանի միջամտությունը հաստատվել է:









































