Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել, որով քննադատում է Ռուսաստանին հետխորհրդային երկրների վրա քաղաքական և տնտեսական ճնշում գործադրելու համար՝ հաղորդում է RIA Novosti-ն:
Բանաձևում ասվում է, որ Եվրախորհրդարանի կարծիքով՝ անթույլատրելի է տարբեր տեսակի ճնշումները Ռուսաստանի կողմից ԵՄ «Արևելյան գործընկերության» մասնակից երկրների (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Ուկրաինա, Մոլդովա, Բելառուս) հանդեպ, որոնք գտնվում են ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ավարտի կամ վավերացման փուլում:
«Եվրախորհրդարանը կարծում է, որ գործընկեր երկրների և ԵՄ-ի միջև պրոգրեսիվ ինտեգրացումը համատեղելի է Ռուսաստանի հետ բարիդրացիական հարաբերություններ ունենալու նրանց ձգտման հետ… կոչ է անում Ռուսաստանի Դաշնությանը զերծ մնալ արևելյան գործընկերների հանդեպ ուժեղացված ճնշումներից և ամբողջությամբ հարգել քաղաքական սեփական ընտրություն կատարելու նրանց ինքնիշխան իրավունքը»,- ասվում է բանաձևում:
Խորհրդարանականները կարծում են, որ Ռուսաստանի շահերից է բխում, որպեսզի ԽՍՀՄ նախկին երկրները հետևեն քաղաքական և տնտեսական բարեփոխումներին՝ ԵՄ-ի արժեքների հիմքով, քանի որ դա թույլ կտա ընդլայնել կայունության, ծաղկման և համագործակցության գոտին ռուսական սահմանի երկայնքով:
Այս կապակցությամբ Եվրախորհրդարանը Եվրահանձնաժողովին և ԵՄ-ի ներքին քաղաքական ծառայությանը կոչ է արել ներկայացնել հստակ և արդյունավետ միջոցներ՝ միության գործընկերների պաշտպանության համար՝ «Արևելյան գործընկերության» բոլոր երկրներին ուղարկելով աջակցության ազդանշան:
Ավելի վաղ Եվրամիության հարևանության և ընդարձակման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն հայտարարել էր, որ Ռուսաստանի գործողությունները «Արևելյան գործընկերության» երկրների հանդեպ խախտում են միջազգային սկզբունքները:








































