PanARMENIAN.Net-ը գրում է, որ վերջին տարիներին Հայաստանի և Չինաստանի միջև գործակցությունը դինամիկ զարգանում է մի շարք ոլորտներում, մասնավորապես՝ տնտեսական, առևտրի, գիտության ու կրթության: Չինաստանը Հայաստանի անկախությունը ճանաչած առաջին երկրներից է, երկու պետությունների համար էլ 21 տարում դիվանագիտական արդյունավետ հարաբերություններ են եղել: Այսօր Չինաստանը Հայաստանի կարևոր առևտրային գործընկերն է: 2011թ. երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 421 մլն դոլար, 2012թ. առաջին եռամսյակում այն արդեն հասել է 125 մլն դոլարի: Ուստի հայկական կողմն իրատեսական է համարում Չինաստանի հետ ապրանքաշրջանառությունը 500 մլն դոլարի հասցնել:
Չինաստանից Հայաստան ներկրվում են էլեկտրոնային սարքեր, համակարգչային տեխնիկա, տնտեսական ապրանքներ, շինանյութ, մետաղական կոնստրուկցիաներ, ավտոմեքենաներ, ավտոբուսներ, պոլիմերներ, հագուստ, ոսկերչական զարդեր: Հայաստանը Չինաստան է արտահանում մարմար, պղնձի խտանյութ, տուֆ, տարբեր քարեր, խողովակներ, և, իհարկե,կոնյակ:
2012 թ. տվյալներով Հայաստանում կոնյակի արտադրության ոլորտում մոտ 30 տնտեսվարող սուբյեկտ է գործում: Արտադրվող ապրանքի ծավալների մեծ մասը բաժին է ընկնում «Երևանի կոնյակի գործարան» ՓԲԸ-ին, հաջորդում է «Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊԸ-ն, առաջատարների եռյակում է նաև «Երևանի կոնյակի գինու և օղու» ԲԲԸ-ն:
Կոնյակի համաշխարհային շուկայում լեգենդար հայկական կոնյակը զբաղեցնում է շուկայի 2 տոկոսը: Գործարանի ԱՐԱՐԱՏ կոնյակների ամբողջ տեսականին՝ «Անի», «Ընտիր», «Ախթամար», «Տոնական», «Նաիրի», համաշխարհային շուկայում Հայաստանի բրենդն է: Հայկական կոնյակի ամենամեծ սպառողը նախկինի պես Ռուսաստանն է, նրան հաջորդում է Ուկրաինան և միայն հետո եվրոպական երկրները: Բայց վերջին երեք տարում աճել է հետաքրքրությունը նաև Չինաստանի 1-միլիարդանոց շուկայի հանդեպ, որը մի կողմից շատ գրավիչ է, մյուս՝ բարդ սպառողների նախապատվությունների առումով:
Ինչպես PanARMENIAN.Net ին ասել է «Երևանի կոնյակի գործարան» ՓԲԸ-ում, այս փուլում ԱՐԱՐԱՏ-ը բոլոր ավանդական շուկաներում վաճառքի արագ աճ է արձանագրում: Այդուհանդերձ, արտահանման դիվերսիֆիկացիայի հարցը մնում է օրակարգում: «Այս պահին ԱՐԱՐԱՏ-ը ներկայացված է Չինաստանի բոլոր պոտենցիալ ներմուծողների ուշադրությանը: Առարկայական հետաքրքրության դեպքում Երևանի կոնյակի գործարանը պատրաստ է քննարկել արտահանման հնարավոր ռազմավարությունները»,- ասացին գործարանում:
ԵԿԳ-ում նշել են նաև, որ, ելնելով ազգային ըմպելիքի իմիջային նախապայմանից, ԱՐԱՐԱՏ-ի մուտքը Չիանաստան անհրաժեշտ է դիտարկել թե՜ սպառման և թե՜ շուկայավարական տեսանկյունից: Այլ կերպ ասած, ԱՐԱՐԱՏ-ը չինական սպառողին պետք է ներկայանա իր հարուստ բրենդային բովանդակությամբ:
Մանրամասները՝ PanARMENIAN.Net








































