«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԲՀԿ մամլո խոսնակ, պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:
– Պարոն Ուրիխանյան, որտե՞ղ է ԲՀԿ կուսակցության և ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը: Նա նիստերից ամենաշատ բացակայող պատգամավորների թվին է պատկանում: Նա նախկինում գոնե նստաշրջանների առաջին օրը կարճ ժամանակով մասնակցում էր նիստին: Այս անգամ չեկավ և շարունակում է չգալ, մինչդեռ նիստերին մասնակցելը նրա հիմնական պարտականություններից մեկը պետք է լիներ:
– Խնդրում եմ, ոչ միայն չստեղծել և չձևավորել ձեր ցանկություններից բխող պարտականություններ այս կամ այլ գործառույթն ունեցող անձի համար, այլ նաև ձեր կողմից ստեղծած մտացածին պարտականությունները չհրամցնել հանրությանը, որովհետև ԱԺ պատգամավորի պարտականություններն ու լիազորությունները հստակ ամրագրված են ՀՀ Սահմանադրությամբ: Ինչ վերաբերում է պարոն Ծառուկյանի անելիքին, դուք կարող եք մանրամասներ ստանալ նրա մամլո խոսնակից, բայց ես ձեզ և մյուս լրագրողներին բազմիցս տվել եմ այդ և օժանդակ հարցերի պատասխանները: Եվ չեմ կարծում, որ նորից դրան անդրադառնալու անհրաժեշտություն կլինի:
– Այդ հարցը տալու անհրաժեշտություն է առաջանում, երբ սկսվում է հերթական նստաշրջանը կամ քառօրյան, և պարոն Ծառուկյանը կրկին նիստերից բացակայում է:
– Պարոն Ծառուկյանը մշտապես, անընդմեջ, անդադար ռեժիմով կանոնակարգում, ղեկավարում, համակարգում է ԲՀԿ խմբակցության ամբողջ գործունեությունն առանց վերապահումների, առանց մոտավորականության: Իսկ ՀՀ քաղաքացիներին, վստահ եմ, ավելի շատ հետաքրքրում է, թե քաղաքական ուժերը կամ նրանց առաջնորդներն Ազգային ժողովում ինչ են անում իրենց իսկ կյանքում որակ փոխելու համար, այլ ոչ թե քանակական առումով և զուտ արարողակարգային բովանդակությամբ ինչ գործողություններ են իրականացրել: Իսկ մեր խմբակցության գործունեությունը ղեկավարում և համակարգում է առաջնորդ Ծառուկյանը: Վերջ, այդքանով ամեն ինչ ասված է, ինձ այդ թեմայի շուրջ որևէ այլ հարց չի հետաքրքրում:
– Դուք ուզում եք ասել, որ պատգամավորի հիմնական պարտականությունը չէ՞ ԱԺ նիստերին մասնակցելը կամ օրենսդրական գործունեությամբ զբաղվելը, որ հայտարարում եք, թե «մի ստեղծեք և ձևավորեք ձեր ցանկություններից բխող պարտականություններ այս կամ այլ գործառույթներ»:
– Ոչ, պատգամավորի պարտականությունն է Սահմանադրության և իր խղճի շրջանակներում կատարել այն առաքելությունը, որի համար իրեն պատվիրակել, գործուղել է ժողովուրդը: Եթե որևէ մեկը կասի, որ ԲՀԿ-ն իր առաջնորդի գլխավորությամբ չի կատարում այդ պարտականությունը, ես կասեմ, որ այդ որևէ մեկը սխալ է ասում: Եվ մի ստեղծեք այնպիսի պատրանք, թե պատգամավորի աշխատանքի որակը կախված է նրա՝ դահլիճում ներկա գտնվելուց:
– Նաև նիստերի դահլիճում կատարած աշխատանքից:
– Ուրեմն թվարկեք նաև իմ պատասխանի մեջ բերված բազմաթիվ հատկանիշները՝ անընդմեջ աշխատանք, օրենսդրական նախաձեռնություններ, ամբողջ խմբակցության համակարգում ոլորտ առ ոլորտ:
– Խմբակցության ղեկավար է նաև Գալուստ Սահակյանը, և նրա գործունեությունը նկատելի է, իսկ պարոն Ծառուկյանի՝ Ձեր թվարկած գործունեությունը նկատելի չէ:
– Դա ձեր խնդիրն է:
– Իհարկե, մեր խնդիրն է, և այդ պատճառով էլ պարբերաբար դրան անդրադառնում ենք:
– Եթե դուք չեք տեսնում, դրա համար էլ ինձ հարց եք տալիս, ես էլ պարզաբանում եմ: Նույնիսկ բլոկների բաժանված մեր 36 հոգանոց խմբակցության պատգամավորների յուրաքանչյուր նախաձեռնություն քննարկվում է պարոն Ծառուկյանի հետ: Դուք նաև ականատես եք եղել հրապարակային կերպով ներկայացված այդ գործողություններին: Առաջնորդի նախաձեռնություններն անկախ մասնագիտացումից տարբեր օրենքների տեսքով իրականություն են դարձել կամ գոնե ստեղծվել են փաթեթները և դրվել շրջանառության մեջ: Եթե դուք չեք տեսնում, դա իմ խնդիրը չէ:
– Միայն ես չէ, որ չեմ տեսնում: Դա նաև ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն էլ չի տեսնում, քանի որ անցած նստաշրջանում հայտարարեց, թե նիստերից շատ բացակայող պատգամավորների նկատմամբ պատժամիջոցներ է սահմանելու՝ անունները հրապարակելու, աշխատավարձից պահումներ անելու ձևով:
– Շփոթում եք մեկը մյուսի հետ: Հրապարակվեց հատուկ նիստին չմասնակցած պատգամավորների ցանկը, որի մեջ նաև ես կայի: Եվ նրանցից աշխատավարձերի պահում իրականացվեց, այդ թվում և ինձանից՝ օրուգիշեր ԱԺ-ում կամ ԱԺ-ից դուրս աշխատող պատգամավորից:
– Ես դա նկատի չունեմ: Անցած նստաշրջանին լրագրողների հետ զրույցում Հ. Աբրահամյանը հայտարարեց, որ պատժամիջոցներ կսահմանվեն նիստերից շատ բացակայող պատգամավորների, այդ թվում՝ Գ. Ծառուկյանի նկատմամբ: Փաստորեն լրագրողների նման Հ. Աբրահամյանն էլ է գտնում, որ ԱԺ նիստերին մասնակցելը ցանկացած պատգամավորի պարտականությունն է:
– Առաջարկում եմ կարդալ Սահմանադրությունը և այն, ինչ ժողովուրդն է ասում:
– Ես նորից նույն հարցն եմ տալու՝ նիստերին մասնակցելն ու օրենսդրական գործունեությամբ զբաղվելն այդքան անհետաքրքի՞ր է պարոն Ծառուկյանի համար, որ նա խորհրդարան չի գալիս: Չէ՞ որ նույն Սահմանադրությունն ու ժողովուրդը դա նրան չեն արգելում:
– ԲՀԿ կուսակցության առաջնորդ, ԱԺ խմբակցության ղեկավար Գ. Ծառուկյանն անդադար ռեժիմով ղեկավարում է ողջ խմբակցության գործունեությունը, այդ թվում՝ օրենսդրական նախաձեռնությունները: Եվ դա ակնհայտ իրականություն է, որովհետև շատ հաճախ լուսաբանվում է լրատվամիջոցներով:










































