Արդեն հայտնի է, թե խորհրդարանական ընտրությունների արդյունքում որ պատգամավորներն են անցնելու խորհրդարան, հրապարակվել են նրանց անունները: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով հարցին՝ հույսեր կարո՞ղ ենք փայփայել, որ 6-րդ գումարման Ազգային ժողովը՝ թե՛ ներքին, թե՛ արտաքին մարտահրավերների առումով կարող է որոշիչ գործոն լինել, Մամուլի ազգային ակումբի ղեկավար Նարինե Մկրտչյանը նշեց. «Այսօրինակ պառլամենտարիզմի այսպիսի գահավիժում անկախ Հայաստանի պատմության մեջ երբևէ չի եղել: Անշուշտ, ամեն մի խորհրդարանը ավելի ու ավելի վատն է եղել տարիների ընթացքում, լավագույն խորհրդարանը 91-ին ձևավորված Գերագույն խորհուրդն էր, և այն, ինչ այսօր ունենք 2017թ. ապրիլի 2-ի ընտրությունների արդյունքում, չի տեղավորվում խորհրդարանական հասկացության և քաղաքականության մեջ ընդհանրապես:
Արձանագրենք՝ ինչու չի տեղավորվում. 2017թ. ապրիլի 2-ին տեղի է ունեցել պետական հանցագործութուն: Պետական ողջ համակարգը զբաղվել է տարաբնույթ ընտրակեղծարարությամբ՝ ընտրակաշառքների զանգվածային բաժանման, վարչական կոպիտ ռեսուրսի չարաշահման, ամբողջ համակարգը՝ ԱՎԾ-ի մասնակցությամբ, զբաղված է եղել և՛ ցուցակներ կազմելով, և՛ ընտրակաշառքներ բաժանելով, այսինքն՝ նմանօրինակ ընտրություններից՝ նմանօրինակ խայտառակ իրողություններից հետո չէր կարող ձևավորվել այնպիսի խորհրդարան, որը քիչ թե շատ համապատասխաներ հայ ժողովրդի ձգտումներին կամ երազանքներին:
Այդ իսկ պատճառով այսօրվա խորհրդարանը համարում եմ քաղաքական առումով սնանկ խորհրդարան և քաղաքական մշակույթի իսպառ բացակայությամբ, ինչը հետևանք էր դեռևս հունվարին ուրվագծվող քաղաքական համընդհանուր տոնավաճառի»:
Մանրամասները՝ տեսանյութում:









































