Մենք ունենք «Ծառուկյան» դաշինքի շուրջ ձևավորված իրավիճակ, որը գնահատելով՝ կարող ենք ասել, որ այն ձեռնտու էր միայն իշխանությանը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Վիգեն Հակոբյանը:
Քաղաքագետի խոսքով՝ չի բացառվում, որ «Ծառուկյան» դաշինքում պառակտում մտցնելով՝ իշխանությունն իրեն ավելի է ապահովագրում, թեև հավանականությունը քիչ է, որ այդ դաշինքը ստրատեգիական առումով իշխանության համար լուրջ խոչընդոտ է ներկայացնում: «Ես չեմ կարծում, որ «Ծառուկյան» դաշինքը լուրջ խոչընդոտ է իշխանության համար, քանի որ ի սկզբանե էլ պարզ էր, որ Ծառուկյանի վերադարձը իշխանության հետ պայմանավորվածության և իշխանության խաղի կանոնների շրջանակում էր: Դա շատ հստակ արտացոլվեց նաև քարոզարշավի ժամանակ, երբ նրանք իրար նկատմամբ ավելի քան կոռեկտ էին, ապա ընտրությունից հետո Ծառուկյանը ընդունեց արդյունքները, հետընտրական զարգացումներ չեղան, բայց ամեն դեպքում չեմ բացառում, որ այսպիսով իշխանությունը ապահովագրում է իրեն և ավելի վերահսկելի է դարձնում խորհրդարանը, որտեղ մեկ տարի հետո պետք է նախագահի թեկնածուի քվեարկություն լինի»,- նկատեց քաղաքագետը:
Այն, որ երեկվա դեպքերը կարող էին կազմակերպված և ուղղորդված լինել, Հակոբյանի խոսքով՝ փաստում է նաև այն, որ եղել են շատ ավելի բարդ իրավիճակներ, սակայն դրանց ժամանակ մարդիկ, թեկնածուները նման կազմակերպված և միահամուռ կերպով չեն պաշտպանել իրենց իրավունքները, ինչպես եղավ երեկ: «Այն էլ մարդիկ, ովքեր վերահսկելի են, Ծառուկյանի հետ եղել են որոշակի պայմանավորվածությունների մեջ, ինչ-որ դատարկ թղթերի տակ են ստորագել: Այս երկրում շատ քիչ ուժային կենտրոններ կան, որոնք ունեն այնպիսի լծակներ, որ կարողանան ազդել այսպիսի իրավիճակների վրա: Պրագմատիկ անալիզը ցույց է տալիս, որ գլխավոր շահողը իշխանությունն է, իսկ թե իշխանության որ թևը՝ դեռ վաղ է ասել»,- ասաց Հակոբյանը:

Քաղաքագետի խոսքով՝ թերևս ակնհայտ է, որ «Ծառուկյան» դաշինքի այդ 8 ներկայացուցիչները, որոնք երեկ ԿԸՀ-ից հետ վերցրին իրենց ինքնաբացարկի դիմումները, ԱԺ առաջին նիստի ժամանակ կհայտարարեն խմբակցությունից դուրս գալու մասին և կստանան անկախ պատգամավորի կարգավիճակ, սակայն այդքանով այս գործընթացները չեն ավարտվի:
«Այն իրավական գործընթացը, որը երեկ տեղի ունեցավ ԿԸՀ-ում, չի փակում այս թեման, քանի որ ինքնաբացարկի դիմումները հետ վերցրած անձինք մի շարք պայմանավորվածությունների մեջ են եղել անձամբ Գագիկ Ծառուկյանի հետ: Իրավական որոշմամբ Ծառուկյանի և այդ անձանց միջև հարցերը, ֆինանսական պարտավորությունները չեն փակվում: Դրա համար, կարծում եմ, դեռ պրոցեսներ կգնան»,- ասաց Հակոբյանը:
Իրավաբանական գիտությունների դոկտոր, նոր Սահմանադրության համահեղինակ Գևորգ Դանիելյանի խոսքով՝ նոր Սահմանադրությունը խմբակցությունից դուրս եկած պատգամավորներին թույլ չի տալիս ստեղծել նոր խմբակցություն, որի հնարավորությունը կար հին Սահմանադրության ժամանակ: «Նրանք կլինեն համապատասխան խմբակցության անդամ, քանի դեռ իրենք դուրս չեն եկել, կամ իրենց չեն հեռացրել խմբակցությունից՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքով նախատեսված կարգով: Օրինակ՝ այդ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի համաձայն՝ խմբակցությունն ունի իր անդամին խմբակցությունից հեռացնելու իրավունք, որն իրականացվում է իր որոշմամբ հաստատված կանոնադրությամբ սահմանված կարգով: Նշված օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ պատգամավորը կարող է խմբակցությունից դուրս գալ խմբակցության ղեկավարին ուղղված գրավոր դիմումով կամ ԱԺ նիստում այդ մասին հայտարարությամբ հանդես գալով: Խմբակցությունից իրենց դիմումի համաձայն դուրս եկած, ինչպես նաև խմբակցությունից հեռացված պատգամավորները չեն կարող նոր խմբակցություն հիմնադրել, քանզի դրանց ստեղծման իրավաչափ եղանակը մեկն է. խմբակցություններն ստեղծվում են նորընտիր ԱԺ առաջին նստաշրջանի բացման օրը` ԱԺ մանդատների բաշխմանը մասնակցած կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) թվին և անվանումներին համապատասխան»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Դանիելյանը:

Վերջինիս խոսքով՝ խմբակցությունից դուրս եկած կամ խմբակցությունից հեռացված պատգամավորների կարգավիճակը մասամբ տարբերվում է խմբակցության անդամ պատգամավորների կարգավիճակից: Օրինակ՝ խմբակցությունից դուրս եկած կամ հեռացված պատգամավորի անդամությունը մշտական հանձնաժողովում դադարում է, եթե խմբակցությունը նրա տեղը նշանակում է հանձնաժողովի այլ անդամի: Բացառություն են այն դեպքերը, երբ հանձնաժողովում առկա է լինում այլ թափուր տեղ, կամ ԱԺ նախագահին ուղղված դիմումի համաձայն՝ պատգամավորն ընդգրկվում է այլ հանձնաժողովի թափուր տեղում: Այլ է իրավիճակը մշտական հանձնաժողովի նախագահի կամ տեղակալի պարագայում, մասնավորապես այս դեպքում որևէ բացառություն սահմանված չէ. խմբակցությունից դուրս եկած կամ հեռացված պատգամավորի լիազորությունները նշված կարգավիճակում դադարում են՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 150-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված հիմքով: «Կանոնակարգն անդրադարձել է նաև ԱԺ նախագահին և տեղակալներին, մասնավորապես, այդ խմբակցությունից դուրս եկած կամ հեռացված պատգամավորների լիազորություններն այդ պաշտոններում դադարում են, եթե այդ պաշտոնում ընտրվել են միայն այդ խմբակցության առաջադրմամբ: Մյուս հարաբերություններում պատգամավորները պահպանում են իրենց կարգավիճակը»,- եզրափակեց Գևորգ Դանիելյանը:
Նշենք, որ եթե 8 պատգամավորը դուրս գան 31 հոգանոց «Ծառուկյան» դաշինքի խմբակցությունից, ապա արդյունքում խմբակցությունում կմնա 23 պատգամավոր և որոշակիորեն կկորցնի քվեարկություննրի ժամանակ «վերահսկիչ փաթեթի» իր ուժը:









































