Հեռուստադեբատների 160 րոպեի ընթացքում Ֆրանսիայի նախագահի թեկնածուները՝ «Առաջ» շարժման հիմնադիր Էմանուել Մակրոնն ու «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենը փոխանակվել են կտրուկ մեղադրանքներով։
Մակրոնն իր մրցակցին անվանել է «վախի գերագույն քրմուհի»՝ եվրոյի հարցում նրա դիրքորոշման պատճառով՝ փոխանցում է Reuters գործակալությունը։
«Եվրոն բանկիրների արժույթ է, այլ ոչ թե ժողովրդի»,-ասել է Լե Պենը՝ հաստատելով, որ անհրաժեշտ է Ֆրանսիան վերադարձնել ազգային արժույթի՝ ֆրանկի։ Մակրոնն իր հերթին ընդգծել է, որ եվրոյից հրաժարվելը կլինի Ֆրանսիայի համար ճակատագրական որոշում։
Մարին Լե Պենը 39-ամյա Մակրոնին բնութագրել է որպես էլիտայի թեկնածու, ով ոչ մի բարեփոխում չի առաջարկում։ Նա քննադատել է Մակրոնի խոստումը՝ պայքարելու իսլամական ահաբեկչության դեմ։ Մակրոնն իր հերթին Լե Պենին մեղադրել է «ստի ռազմավարության» գործածման մեջ։ Նա ծաղրել է 48-ամյա Լե Պենի տնտեսական ծրագիրը՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով եվրոյից հրաժարվելու նրա պլանների հակասականության վրա։ Մակրոնի խոսքով՝ իր մրցակիցը խոսում է շատ, անում՝ քիչ։
Մակրոնը նշել է, որ Լե Պենը չի առաջարկում ոչինչ, պարտվողականությունից բացի։ Նրա կարծիքով՝ Լե Պենը հակասեմական և քսենոֆոբիական հայացքներով հայտնի հոր իրական ժառանգն է։
Մակրոնն ընտրվելու դեպքում մտադիր է չեղարկել անշարժ գույքի հարկը ֆրանսիացիների 80 տոկոսի համար, կրճատել հարկերը բիզնեսի համար։










































