Չիլիում բռնապետ Ավգուստո Պինոչետի կառավարման շրջանում բանտարկյալների դեմ կիրառվել են ոչ ստանդարտ կտտանքներ: Նրանց ստիպել են մի քանի օր շարունակ բազմիցս լսել հայտնի հիթերը՝ ներառյալ Խուլիո Իգլեսիասի և The Beatles-ի հանգուցյալ մասնակից Ջորջ Հարիսոնի երգերը: Այս մասին գրում է The Daily Mail-ը՝ հղում անելով Մանչեսթերի համալսարանի հետազոտությանը:
Պարբերականի տվյալներով՝ կտտանքների համար մասնավորապես կիրառվել է Հարիսոնի My Sweet Lord երգը, ինչպես նաև Ստենլի Կուբրիկի «Մեխանիկական նարինջ» (1971) ֆիլմի սաունդթրեքը, որոնք շատ բարձր են միացրել: Այս մասին հետազոտողներին պատմել են նախկին կալանավորները: Հետազոտությամբ պարզվել է, որ երաժշտությունը օգնել է ոմանց վերապրել՝ վանելով տառապանքները:
Հիշեցնենք, որ անցած շաբաթ Չիլիի դատավորները ներողություն էին խնդրել Պինոչետի բռնապետության զոհերի հարազատներից: Նրանց հայտարարության մեջ ասվում էր, որ այդ շրջանում դատավորները դադարել էին կատարել իրենց դերը՝ որպես հիմնարար իրավունքների ու ազատությունների պաշտպաններ:







































