Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ ընդունել է Թուրքիայի ցամաքային զորքերի հրամանատար, բանակի գեներալ Սալդըրայ Բերքին։
Հանդիպման ժամանակ Ալիևն ընդգծել է, որ թուրք-ադրբեջանական համագործակցությունը զարգանում է բոլոր ոլորտներում, այդ թվում՝ նաև ռազմական ոլորտում։ Նա նաև հույս է հայտնել, որ ապագայում այդ համագործակցությունն առավել կընդլանվի։ Ալիևը թուրք-ադրբեջանական համագործակցությունը մեծապես կարևորել է տարածաշրջանային տեսանկյունից։
Բերքն իր հերթին Ալիևին է փոխանցել Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի ողջույնները, ինչպես նաև նշել է, որ իր այցի հիմնական նպատակն ադրբեջանական բանակի կառուցման գործընթացին ծանոթանալն է և երկու երկրների զինված ուժերի միջև հետագա համագործակցությանն առնչվող խնդիրները քննարկելը։
Թուրքիայի ցամաքային զորքերի հրամանատարին ընդունել է նաև Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Սաֆար Աբիևը։ Վերջինս գնահատական է տվել տարածաշրջանում առկա ռազմա-քաղաքական իրավիճակին և պատմել Ադրբեջանի զինված ուժերի զարգացման մասին։
Աբիևը նաև շնորհակալություն է հայտնել Թուրքիայի ղեկավարությանը Ադրբեջանի բանակաշինության զարգացմանն աջակցելու համար։
Բերքն իր հերթին ընդգծել է, որ Թուրքիան այսուհետ շարունակելու է աջակցել Ադրբեջանի զինված ուժերի զարգացմանը։
Հիշեցնենք, որ ոչ վաղ անցյալում Թուրքիայի պաշտպանության նախարար Մեհմեդ Վեջդի Գյոնյուլը հայտարարեց, որ ռազմական ոլորտում Ադրբեջանին ցուցաբերած ռազմական օգնությունն արդեն հատել է 200 միլիոն դոլարի սահմանագիծը։







































