Սերժ Սարգսյանը մայիսի 1-ին ներկա է գտնվել Աշխատանքի օրվա առիթով կազմակերպված հանդիսությանը: Տոնական օրվա առիթով Սերժ Սարգսյանը նաև ուղերձ էր հղել՝ խոսելով աշխատող մարդու, բարիք ստեղծող մարդու կարևորության մասին:
Աշխատանքի տոնը, սակայն, Սերժ Սարգսյանի համար հակասական տոն է: Այն, որ աշխատանքի մարդը, բարիք ստեղծող մարդը ցանկացած պետության հիմքն է, պետության զարգացման ու անվտանգության հիմքը՝ անհերքելի է: Մյուս կողմից, սակայն, անհերքելի է նաև, որ Սերժ Սարգսյանի համար աշխատող մարդը հիմք չէ, քանի որ Սերժ Սարգսյանի իշխանության հիմքը ոչ թե այդ մարդն է, այլ, այսպես ասած, գործատու մարդը: Ֆորմալ տեսանկյունից գործատուն աշխատանքի հնարավորություն ստեղծող մարդն է և, ըստ այդմ, պետության զարգացմանն ու անվտանգությանը նպաստող մարդը, սակայն Հայաստանում գործատու հասկացությունը իրականում այլ հարթության վրա է և այլ որակների ու բնույթի դաշտում:
Հայաստանում գործատուները կամ խոշոր գործատուները, որ կազմում են իշխանության հենարանն ու հենքը, իրականում գոյություն ունեն Հայաստանի զարգացման և անվտանգության հաշվին: Որովհետև դրանց ձևավորումը տեղի է ունեցել և գործունեությունն էլ տեղի է ունենում հանրային և պետական միջոցների, ռեսուրսների սպառման, մսխման շնորհիվ:
Եվ այդ ռեսուրսների շարքում է նաև աշխատուժը, աշխատող մարդը, բարիք ստեղծող մարդը: Նրան թելադրվում են կա՛մ գրեթե ստրկական կանոններ, կա՛մ արտագաղթ: Իհարկե, խոսքը տարածված, ոչ թե բացարձակ իրականության մասին է: Բայց առկա է այդ տարածված հակասությունը, և Սերժ Սարգսյանն այդ հակասության կրողն է, այնքանով, որքանով խոշոր գործատուների շահառու է: Սերժ Սարգսյանի համար, իհարկե, իդեալական կլիներ այս ամենի որևէ համադրման հասնելը, այսինքն՝ այդ իրականության լիարժեք լեգիտիմության հասնելը: Դա կախված է նրանից, թե գործատուները որքանով կապահովեն, այսպես ասած, հաց ու երշիկի խորհրդային «արդարությունը», որի հիմքով էլ Խորհրդային Միության դասակարգային համերաշխությունն էր:
Պատահական չէ, որ Սարգսյանը իր ուղերձում խոսում է դասային համերաշխության հասնելու անհրաժեշտության մասին: Գործնականում այդպիսով նա ձևակերպել է իշխանության առանցքային խնդիրներից մեկը, առաջնահերթություններից մեկը, որը 2022 թվականին կբացառի «ՍԱՍ-ի ժողովների» անհրաժեշտությունը, և ամեն ինչ տեղի կունենա ինքնաբերաբար՝ առանց հավելյալ ցուցումների, հետևաբար առանց ձայնագրությունների ռիսկերի:









































