«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Ազատամարտիկների դաշինքի» խորհրդի անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը, ով խորհրդարանական ընտրություններին «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքով առաջադրվել էր պատգամավորության թեկնածու:
– Պարոն Մելքոնյան, Սահմանադրական դատարանը մերժեց «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի՝ ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումը և ուժի մեջ թողնեց ԿԸՀ-ի ապրիլի 9-ի՝ ԱԺ ընտրությունների արդյունքների արձանագրությունը: ՀԱԿ-ը չի բացառում, որ կվերադառնա փողոցային պայքարի: Կմիանա՞ք այդ պայքարին:
– Փողոցային պայքար չի լինելու, ես չեմ տեսնում դրա հնարավորությունը: Եթե ժողովուրդը չի ուզում դուրս գալ, անհատները չեն կարող դուրս գալ փողոց, իսկ ժողովուրդը սիրուն ձևով վաճառել է իր ձայնը, վերջացրել է, հիմա կամաչի էլ դուրս գալ փողոց: Փողոցային տարբերակը բացառվում է: Ոչ ոք պայքարի դուրս չի եկել, ոչ ոք նման միտք չունի: Ժողովուրդը պիտի դուրս գա, անհատները ոչինչ չեն կարող անել:
– Իսկ ինչո՞ւ դուք չդիմեցիք ՍԴ՝ վիճարկելու արդյունքները:
– Տեսնում եք, թե ինչ է կատարվում: Ի՞նչ Սահմանադրական դատարան, ինչ բան: Ե՞րբ է Սահմանադրական դատարանը ինչ-որ բան արել, որ հիմա էլ աներ: Ես, օրինակ, չեմ հավատում, որ Սահմանադրական դատարանը կարող է ինչ-որ բան անել:
– Այդ դեպքում Հայաստանում, ըստ Ձեզ, ինչպե՞ս է հնարավոր փոփոխությունների հասնել:
– Առայժմ հնարավոր չէ: Երբ այս վիճակն է երկրում, որևէ փոփոխություն չի կարող լինել:
– «Ազատամարտիկների դաշինքը» մեկ անգամ չէ, որ միացել է ՀԱԿ-ին: Եթե նրանք դուրս գան փողոց, և հանրության կրիտիկական հատված հավաքվի, միասնական պայքարի հնարավորություն տեսնո՞ւմ եք:
– ՀԱԿ-ը քանի՞ հոգի է, թող դուրս գան փողոց, բայց ժողովուրդը պետք է ցույց տա իր աջակցությունը: Եթե ժողովուրդը չի աջակցում, իր փողոց դուրս գալն ո՞ւմ է պետք: Անպտուղ աշխատանք է: Եվ կգա մի պահ, երբ ժողովուրդը լա՜վ կսովածանա, այն ժամանակ նոր դուրս կգա:
– Դուք նշում էիք, որ ժողովուրդը երբ ընտրակաշառքը ծախսի վերջացնի, այն ժամանակ այլ իրավիճակ կլինի: Չի՞ վերջացել դեռ:
– Դեռ դուրս չի գա փողոց, նորմալ է, գարուն է եկել:
– Նույն ժողովուրդը չէ՞ ընտրություններից առաջ և ընտրություններից հետո:
– Մինչև ընտրական պրոցեսները, ես համոզված էի, որ ժողովուրդը կկանգնի և իր վճռական խոսքը կասի, բայց ժողովուրդը ոչ մի բան էլ չասաց: Ընդհակառակը՝ այդ ցրտին, անձրևին և ձյանը հերթ էին կանգնել, որ քվեարկեին, քվեարկեցին և իրենց ձայնը տվեցին:
– Չէ՞ որ հանրության խնդիրները լուծում չեն ստացել, վիճակը գնալով բարդանում է:
– Ո՞վ ասաց… արդեն առաջընթաց է մեզ մոտ (հեգնում է), ամեն ինչ նորմալ է, բողոքող չկա, բան չկա: Բոլորը իրենց համար հանգիստ և խաղաղ ապրում են: Դուք բողոքող մարդ տեսե՞լ եք:
– Գոհ մարդիկ գրեթե չկան:
– Ես չեմ տեսել բողոքող մարդիկ, ընտրություններից հետո բոլորը գոհ են, լավ ապրում են իրենց համար:
– Ֆորս-մաժոր անհնա՞ր է:
– Չեմ կարծում՝ լինի:
– Պարոն Մելքոնյան, ի վերջո, Դուք շարունակո՞ւմ եք մնալ ՕՐՕ-ի կողքը, քննարկումներ կա՞ն այս օրերին, թե՞ ոչ:
– Առաջին դեմքերը Հայաստանում չեն: Երբ գան, որոշում կկայացնեն, մենք էլ մեր որոշումը կկայացնենք: Մենք հիմա էլ մեր անելիքներն անում ենք, զբաղված ենք վիրավոր և զոհված ազատամարտիկների ընտանիքներով: Հիմա մասնակցածների վկայականների խնդրով ենք զբաղված, այսինքն՝ մենք աշխատում ենք: Այնպես չէ, որ մեզ մոտ դադար է: Մինչև ընտրությունները ինչ կատարում էինք, հիմա էլ ենք կատարում:
– Ափսոսո՞ւմ եք, որ միացաք ՕՐՕ-ին:
– Չէ, ինչի համար ափսոսանք: Առաջին՝ մարդ իր արածների համար չի փոշմանում, երկրորդն էլ՝ մենք ոչ կաշառք ենք տվել, մենք արդար, մաքուր գնացինք ընտրությունների, վստահ էինք, որ ժողովուրդը մեզ ձայն կտա, չտվեց: Ուրեմն ժողովուրդը ձայնը տվեց իշխանությանը:
– Անհնա՞ր է հաղթել ՀՀԿ-ին:
– Իհարկե, անհնար է:








































