ԱՄՆ Նյու Յորք քաղաքում ավելի քան 40 մարդ է վիրավորվել ավտոբուսի և ոստիկանությունից փախչող Chevrolet Camaro սպորտային մեքենայի բախման հետևանքով: Վթարը տեղի է ունեցել Նյու Յորքի ամենախիտ բնակեցված շրջաններից մեկում՝ հաղորդում է The New York Post-ը:
Սև Camaro-ի վարորդը մեծ արագությամբ բախվել է Stop նշանին, որից հետո՝ ավտոբուսին, որում եղել են շատ դպրոցականներ: Ավտոբուսի ուղևորների մեծ մասը թեթև վնասվածքներ են ստացել:
Նախնական տվյալներով՝ ավտոբուսում եղել է 41 ուղևոր:
Դեպքի վայր ժամանած ոստիկանները ձեռնաշղթաներ են հագցրել սպորտային մեքենայի վարորդին: Վնասված ավտոմեքենայից նրան դուրս բերելու համար վթարային ծառայությունը ստիպված է եղել կտրել ավտոմեքենայի տանիքը:
Նյու Յորքի ոստիկանության ներկայացուցչի խոսքերով՝ չարագործին սկսել են հետապնդել Բրուկլինում, երբ վարորդի հետ զրույցի ժամանակ ոստիկանը նկատել է, որ ավտոմեքենայի սրահում զենք կա: Դա հասկանալով՝ վարորդը փախուստի է դիմել, որից հետո ոստիկանությունը սկսել է հետապնդել նրան:









































