Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վաղինակ Մկրտչյանի նախագահությամբ շարունակվում է Ալիսա Մելքոնյանի գործի դատավարությունը:
42-ամյա Ալիսան աշխատել է Կոտայքի մարզի Արգել գյուղի բնակիչներից մեկի տանը՝ որպես տանտիրոջ խնամակալ: 2013 թվականի մարտի 27-ին, ժամը 18-ի սահմաններում խնամակալ Ալիսան, ըստ մեղադրանքի, տանտիրոջ տաբատի գրպանից «խնամքով» հափշտակել է 170 հազար դրամ: Չի ցանկացել, ըստ երևույթին, որ նա «ծանրաբեռնված լինի» այդ գումարով:
Ալիսա Մելքոնյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել գողություն կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 1-ին մասով:
Հուլիսի 1-ին պետք է կայանար այս գործով առաջին դատական նիստը, սակայն կալանքի տակ չգտնվող ամբաստանյալ կինը դատարան չի ներկայացել:
Հուլիսի 24-ի նիստին նա նույնպես չի ներկայացել: Ստացվել է ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունից ուղարկված տեղեկանքը, համաձայն որի՝ դեռ հունվարի 31-ին Ալիսա Մելքոնյանը հանվել է Կոտայքի մարզի Նոր Գեղիում ունեցած հաշվառումից և անհայտ հասցեով բացակայել է բնակության վայրից:
Նկատի ունենալով այն հանգամանքը, որ Մելքոնյանը, փաստորեն, թաքնվել է վարույթն իրականացնող մարմնից, նրա գտնվելու վայրը հայտնի չի եղել, ընդհանուր իրավասության դատարանը հուլիսի 25-ին որոշում է կայացրել նրա նկատմամբ հետախուզում հայտարարելու և գործի վարույթը կասեցնելու մասին:
Մեկ ամիս չանցած՝ օգոստոսի 13-ին, Ալիսա Մելքոնյանը հայտնաբերվել ու բերման է ենթարկվել ոստիկանության Նաիրիի բաժին:
Օգոստոսի 23-ին դատարանը դադարեցրել է Մելքոնյանի նկատմամբ հետախուզումը և վերսկսել է գործի վարույթը:
Որևէ մեկին որպես տարեցի կամ անչափահասի խնամակալ աշխատանքի ընդունելուց առաջ հարկ է գոնե ստուգել՝ որտե՞ղ է բնակվում, ո՞վ է, ի՞նչ կենսագրություն և փորձ ունի:
Այլապես, ոչ մի տեղ չհաշվառված, մշտական բնակության վայր չունեցող անձանց որպես խնամակալ աշխատանքի ընդունելը կարող է վտանգել ոչ միայն հոգածության կարիք ունեցող քաղաքացիների նյութական միջոցները, այլև նրանց առողջությունն ու կյանքը:









































