Տեխաս նահանգից հանրապետական սենատո Թեդ Կրուզը, ով Դոնալդ Թրամփի հետ 2016 թվականին մասնակցել է նախագահական փրայմերիզին, առաջարկում է օգտագործել մեքսիկացի թմրաբարոն Հոակին Գուսման Լոերայից՝ «Էլ Չապոյից» (Կարճլիկ) առգրավված գումարները Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու համար։ Այս մասին գրում է New York Post-ը։
Ինչպես գրում է պարբերականը՝ երեքշաբթի Կրուզը ներկայացրել է օրինագիծ, որն առաջարկում է թմրաբարոնից առգավված 14 մլրդ դոլարն ուղղել պատի շինարարությանը, որը նրա խոսքով՝ կզսպի ԱՄՆ-ի հարավային սահմանով թմրանյութերի, զենքի և մարդկանց անօրինական հոսքը։
Մեքսիկայի ամենաորոնվող թմրաբարոններից մեկը ԱՄՆ իշխանություններին էր փոխանցվել հունվարի 19-ին՝ Օբամայի վարչակազմի աշխատանքի վերջին օրը։ Կարճլիկի դեմ մեղադրանքներ են առաջադրել միանգամից մի քանի նահանգներ։ Դրանք կապված են ԱՄՆ կոկաինի անօրինական մատակարարումների, զենքի անօրինական տնօրինման և սպանությունների կազմակերպման հետ։







































