2013-ի մայիս ամսին «Մալիբու» սրճարանի հարևանությամբ հայտնի գործարար Կարեն Շահմուրադյանի և ՀՀ դիզայներների միության փոխնախագահ Ռուբեն Թոփալյանի հանդիպումն ավարտվել էր վերջինիս դաժան ծեծի ենթարկելով: Արդյունքում Ռուբեն Թոփալյանի նկատմամբ, ով ստացել էր քթի կոտրվածք, ուղեղի ցնցում, այտի շրջանում պատռվածք և լրատվամիջոցներով բարձրաձայնել խնդիրն ու պահանջել պատասխանատվության ենթարկել Կարեն Շահմուրադյանին, 2013-ի սեպտեմբերի 2-ին մեղադրանք է առաջադրվել քննիչ Նիկոլայ Բարսեղյանի կողմից: Այսինքն՝ Ռուբեն Թոփալյանը պահանջեց իրեն ծեծողին պատասխանատվության ենթարկել, սակայն հիմա գործն այլ շրջադարձ է ստանում:
Խնդիրը ծագել էր, երբ 2011-ին Ռուբեն Թոփալյանի և գործարար Կարեն Շահմուրադյանի միջև կնքվել էր պայմանագիր, որի համաձայն՝ ՀՀ դիզայներների միության փոխնախագահ Ռուբեն Թոփալյանը պետք է պատրաստեր և տեղադրեր Կարեն Շահմուրադյանի բնակարանի կահույքը:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Ռուբեն Թոփալյանը մանրամասնեց, որ աշխատանքի ընթացքում Կարեն Շահմուրադյանն իրեն պարտք է մնացել 37.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Իսկ 2013 թ. փետրվարին Ռուբեն Թոփալյանի կողմից բնակարանում աշխատանքները կատարելու ընթացքում Կարեն Շահմուրադյանը դիմել է դատարան՝ ընդդեմ Ռուբեն Թոփալյանի` պայմանագրի լուծման, տուժանքի գումարի բռնագանձման և առարկանները հանձնելու հայցով:
Ռուբեն Թոփալյանը պատմեց, որ 2013 թ. մայիսի 3-ին Կարեն Շահմուրադյանն իրեն կանչել է իր բնակարան, վեճ հրահրել և պատճառաբանել, որ տեղադրված դռներն անորակ են, հետո հայհոյել է և իր թիկնապահի ու երկու աշխատակիցների հետ միասին դաժան ծեծի ենթարկել Ռուբեն Թոփալյանին:
«Ծեծից անմիջապես հետո բաց արյունահոսող վերքերով դիմեցի ոստիկանության Երևան քաղաքի Կենտրոնի բաժին: Ոստիկանությունում առաջնահերթ հետաքննիչներ Հակոբյան Հակոբը և Օրդակյան Արմենը, կադրերի գծով պետի տեղակալ Կարապետյան Արթուրը և մեկ այլ պաշտոնյա, ով չի ներկայացել, հավանաբար պետի տեղակալը, համոզում էին, որ հաղորդում չներկայացնեմ: Այդ նույն պաշտոնյան իր աշխատասենյակից դուրս գալով և ներս հրավիրելով Կարեն Շահմուրադյանի եղբորը` Աշոտ Շահմուրադյանին, հեռացավ սենյակից՝ մենակ թողնելով ինձ և Կ. Շահմուրադյանին»- պատմեց Ռուբեն Թոփալյանը:
Ռուբեն Թոփալյանը նշեց, որ Աշոտ Շահմուրադյանը՝ Կարեն Շահմուրադյանի եղբայրը, իրեն համոզել է, որ հաղորդում չներկայացնի, չդիմի հիվանդանոց՝ բուժօգնության համար, ավելին՝ գումար է առաջարկել՝ ասելով. «Ռուբ, հո գիտես՝ ես պետք է թողնեմ, որ եղբայրս նստի՞»: Սակայն Ռուբեն Թոփալյանը չի համաձայնել և հաղորդում է տվել հանցագործության մասին:
Սակայն 4 ամիս անց` 2013 թ. սեպտեմբերի 2-ին, քննիչ Նիկոլայ Բարսեղյանի կողմից որոշում է կայացվել մեղադրանք առաջադրել Ռուբեն Թոփալյանին:
«Մենք բացարկ ենք հայտարարել քննչական վարչություն, որ այսուհետ գործով զբաղվի հատուկ քննչական վարչությունը: Ավելին, բացարկից հետո ես հեռախոսազանգ եմ ստացել Կարեն Շահմուրադյանից՝ սպառնալիքներով, որ դու ավելի լավ է իմ եղբորը և ինձ դուշման մի դարձրու, դու դրանից չես շահի, հարցրի՝ կվնասե՞ք, ասաց՝ ուղղակի նախազգուշացնում եմ»,- պատմեց Ռուբեն Թոփալյանը:
Հիշեցնենք, որ Շահմուրադյաններին են պատկանում «ԱվտոՎԱԶ»-ի դիլլեր «Արմենիա-Լադա», «Կարկոմավտո» ընկերությունները:









































